2014 թվականին Զբաղվածության Վանաձորի տարածքային կենտրոնում գրանցվել են 4275 գործազուրկներ, իսկ ահա 2015 թվականին վերջիններիս թիվն աճել է շուրջ 30 տոկոսով՝ կազմելով 5558։ Այս մասին գրում է «Ասպարեզ» օրաթերթը։
Ըստ տարիքի վերլուծության պատկերը հետևյալն է․ հիմնականում աճ է գրանցվել 55-ից բարձր տարիքի և 16-19 տարեկան գործազուրկների շրջանում։
«16-19 տարեկանների առումով ենթադրելի է, որ նրանք ավելի շատ սկսել են դիմել զբաղվածության տարածքային կենտրոններ, որպեսզի կարողանան զբաղվածությանպետական ծրագրերում ներգրավվել, մասնավորապես՝ աշխատանքային պրակտիկա ծրագրում։
Իսկ 55-ից բարձր տարիք ունեցողների առումով կարող եմ ասել, որ նրանց մոտ հիմնականում հետևյալ պրոցեսն է․ մարդիկ, կորցնելով աշխատանքը, կորցրել են նաև իրենց մասնագիտությունը, որակավորումը և անհրաժեշտություն է առաջանում նոր մասնագիտություն ձեռք բերելու, որը այդ տարիքային խմբի համար այդքան էլ հարմարավետ չէ՝ նոր մասնագիտություն սովորել և տեղավորվել աշխատանքի»,- թերթի հետ զրույցում ասել է Զբվաղվածության Վանաձորի տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը։
Ըստ կրթության՝ վերլուծությունը ցույց է տվել, որ գործազուրկների շրջանում մեծ թիվ են կազմում հիմնականում արհեստագործական կրթություն ունեցող քաղաքացիները։ Այս տարի գործազուրկների ընդհանուր թվում վերջիններիս ներգրավվածության մակարդակը կազմել է 106 տոկոս, այսինքն՝ եթե 2014 թ․-ին գրանցված են եղել 49 գործազուրկներ, ապա այժմ արդեն գրանցված են 101 գործազուրկներ։
Ըստ սեռական պատկանելության՝ վերջին տարիներին աշխատանք փնտրողների 60-70 տոկոսը կանայք են։
Եթե Զբվաղվածության Վանաձորի տարածքային կենտրոնում ավելացել է գործազուրկների թիվը, ապա աշխատանքի տեղավորված քաղաքացիների թիվը նվազել է։ Այսպես՝ եթե 2014թ․-ին աշխատանքի է տեղավորվել 655 քաղաքացի, ապա 2015թ․-ին աշխատանք գտած քաղաքացիների թիվը կազմել է 632, այսինքն՝ մոտ 4 տոկոսի նվազում է գրանցվել։
Առաքելյանի վստահեցմամբ՝ հիմնականում աշխատանքի են տեղավորվել սպասարկման ոլորտում՝ վարսավիրանոցներ, խանութներ, ռեստորաններ, սրճարաններ և այլն, սակայն, քիչ չեն նաև բարձրագույն կրթության առկայություն պահանջող աշխատատեղերում աշխատանք գտած քաղաքացիները։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում