ՀՀ իշխանությունների` մարդկանց տուգանելու համար պատճառներ գտնելը արդեն ակնհայտորեն անցել է նույնիսկ անթույլատրելիության սահմանները, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթի խմբագրության ձեռքի տակ է հայտնվել Երևանի քաղաքապետարանի կողմից մի քաղաքացու ուղարկված ծանուցում, որով քաղաքացուն հրավիրում են մասնակցելու իր դեմ հարուցված վարչական վարույթին:
«Քաղաքացու կատարած «հանցագործությունն» այն է, որ նա Ամանորին չի զարդարել «իր տիրապետության տակ գտնվող անշարժ գույքը»:
Մեջբերում քաղաքապետարանի ուղարկած ծանուցագրից. «Դուք և կամ ձեր լիազորված ներկայացուցիչը հրավիրվում եք «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առեւտրի, սպասարկումների և գովազդի բաժին, Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի սահմանված պարտադիր բարեկարգումը չիրականացնելու` մասնավորապես… հասցեում գտնվող օբյեկտի Ամանորյա և Ծննդյան տոների տոնական զարդարումը 25.12.2015թ.-ից 13.01.2016թ. ընկած ժամանակահատվածում չկատարելու փաստի կապակցությամբ բացատրություններ եւ/կամ միջնորդություններ ներկայացնելու համար»,- բառացիորեն գրված է ծանուցման մեջ:
Հասկանալի պատճառներով չենք նշում, թե կոնկրետ որ հասցեում գտնվող ինչ օբյեկտի մասին է խոսքը, մանավանդ երբ դա նշանակություն չունի: Միայն նշենք, որ խոսքը մի շատ փոքր օբյեկտի մասին է: Եվ ուրեմն, ի՞նչ է ստացվում: Մարդը պատասխանատվության է ենթարկվում իր փոքր օբյեկտը, «վիդիտե լի», չզարդարելու համար: Նախ, խիստ հարաբերական հասկացություն է, թե ինչ ասել է «զարդ»:
Մեկի համար դա կարող է լինել փոքրիկ տոնածառ, մյուսի համար՝ ցուցափեղկերից կախված «փոմփոլիկներ»: Կամ էլ, ասենք, Սերժ Սարգսյանի և Տարոն Մարգարյանի մեծադիր նկարները: Ցանկալի է գրկախառնված, լայն ու լուսավոր ժպիտներով, իսկ ավելի ցանկալի է՝ ձմեռ պապի շորերով: Իսկ ո՞վ ասաց, որ Սերժ Սարգսյանի նկարը ամենագլխավոր զարդը չէ: Կա՞ որևէ պաշտոնյա, որը հրապարակավ կասի, թե դա զարդ չէ», ֊ նշում է «ՀԺ»֊ն:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում