Home / Տեսանյութեր / «Գազպրոմ Արմենիային» առանց աճուրդի հողամաս վաճառեցին․ Երևանի ավագանու անդամը դեմ է

«Գազպրոմ Արմենիային» առանց աճուրդի հողամաս վաճառեցին․ Երևանի ավագանու անդամը դեմ է

Երևանի ավագանին այսօրվա նիստում հավանություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին Քանաքեռ֊Զեյթուն համայնքում՝ Ծարավ աղբյուրի փողոցի 55/25 հասցեում գտնվող 32 հազար քառակուսի մետր հողատարածքն առանց աճուրդի վաճառելու նախագծին։ Ինչպես Epress.am-ին հայտնել է ընդդիմադիր «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը, միայն իրենց խմբակցությունն է դեմ քվեարկել նախագծին, իսկ ահա ՀՀԿ և ԲՀԿ խմբակցությունները, ինչպես նաև ԲՀԿ-ից դուրս եկած Ռաֆֆի Գյոզալյանը կողմ են քվեարկել։ Ընկերությունը պատրաստվում է տվյալ տարածքում կրթական համալիր՝ հանրակրթական դպրոց, մանկապարտեզ, փակ լողավազան, սպորտային դահլիճ, մինի ֆուտբոլի համար նախատեսված հրապարակ կառուցել։ Հայտարարվում է, որ ներդրման չափը նախնական կազմում է 49.3 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

Սանասարյանը պարզաբանել է, որ իրենք դեմ են առանց աճուրդի հողատարածքը վաճառելուն, քանի որ, գուցե, այլ գնորդ լիներ, որն ավելի բարձր գին պատրաստ կլիներ վճարել:

«Բարև Երևան»֊ի անդամի խոսքով՝ ավագանու ՀՀԿ-ական անդամների պնդումները, թե հողատարածքը կարող է առանց աճուրդի վաճառվել, քանի որ «Գազպրոմ Արմենիայի» կողմից իրականացվելիք ծրագիրը սոցիալական բնույթ ունի, չեն արդարացնում որոշումը, քանի որ դա բիզնես նախագիծ է և «Գազպրոմ Արմենիան» տնտեսական շահեր է հետապնդում:

Սանասարյանը նաև հիշեցրել է, որ ՓԲԸ-ն վերոնշյալ ծրագիրը իրականացնելու համար անհրաժեշտ գումարը ստացել է հենց Երևանի բնակիչների գազամատակարարման համար մուծված վճարներից:

«Սա առաջին դեպքը չէ: Նախորդ նիստին ավագանին որոշում ընդունեց, որ այսուհետ կարելի է առանց աճուրդի ուղիղ վաճառքեր կատարել: Ավագանին քվեարկեց և որոշեց հողատարածք տալ՝ «Բելաջո» ռեստորանի դիմացի հատվածում՝ «Սանկտ Պետերբուրգ» հյուրանոց կառուցելու համար: Մենք նույնիսկ կառուցապատողին չգիտենք, նրան ընտրելու են Սանկտ Պետերբուրգում»,-ասել է Դավիթ Սանասարյանը: