Home / Տեսանյութեր / Արամ Մանուկյանը ԱԺ֊ում ասել է՝ ինչպես կարելի է իջեցնել գազի գինը

Արամ Մանուկյանը ԱԺ֊ում ասել է՝ ինչպես կարելի է իջեցնել գազի գինը

Ռուսաստանյան «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացրած Հայաստանի գազամատակարարման ծախսերի մեջ ամենամեծ քանակը կազմում են պահպանման ծախսերը, և միայն դրանք կրճատելով՝ կարելի է էականորեն իջեցնել գազի գինը: Այս մասին այսօր Ազգային Ժողովում «Գազային հանձնաժողովի» աշխատանքների արդյունքում կազմված եզրակացության քննարկման ժամանակ ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: 

Նա առաջարկել է համեմատել. 2006 թվականին գազը եկել է Հայաստան 53 դոլարով, մարժան կազմել է ընդամենը 47 դոլար, վաճառվել է 100 դոլարով: Այժմ մարժան կազմում է 185 դոլար, այսինքն՝ 8-9 տարվա ընթացքում գինը՝ սահմանից մինչև քաղաքացի, 4 անգամ ավելացել է։  

«Սա մենեջմենթի, վատ մենեջմենթի կամ նպատակային  վատ կազմակերպման արդյունք է: Եվ միայն այս հոդվածով կարելի է համեսատաբար 10 դոլարով գազի գինն իջեցնել»,- ասել է Արամ Մանուկյանը՝ հավելով, որ 5-ական դոլարով գազի գինը կարելի է իջեցնել մաշվածություն և շահույթի մասով: 

«13 միլիարդ դրամ է շահույթի մասնաբաժինը մարժայի մեջ: Եթե ընդամենը 2.5 միլիարդ դոլարով իջեցնենք շահույթի բաժնից, որը նախկինից էլի բարձր է, 5 դոլարով կիջնի գազի գինը», ֊ նշել է պատգամավորը: 
 
Մանուկյանը նաև բարձրացրել է 10 հազար խորանարդ մետրից պակաս և ավելի գազ սպառողների համար սահմանված գների միջև տարբերության հարցը։ 

«Այրդունաբերությամբ զբաղվող սպառողները վճարում են 277 դոլար, քաղաքացիները՝ 394 դոլար՝ հազար խորանարդի համար: Տարբերությունը կազմում է ուղիղ 117 դոլար: Այսինքն՝ մի խումբ կա, որը արտոնյալ է, և նրա չմուծածը մուծում է քաղաքացին: Այս տարբերակումը ամենևին հիմնավորված չէ, փաստաթղթավորված չէ»,- ասել է Մանուկյանը: 

Պատգամավորն ասել է, որ կան երկրներ, որտեղ հակառակն է՝ արտադրողների համար է ավելի բարձր սակագին սահմանված՝ թեթևացնելու քաղաքացիների բեռը: 

Անդրադառնալով ԱԺ գազային հանձնաժողովի աշխատանքին՝ Արամ Մանուկյանն ասել է, որ թեև Հովիկ Աբրահամյանը դեմ չէր հանձնաժողովի ստեղծմանը, հետագայում նրան արգելվել է քննարկել անցյալը, բացահայտել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ժամանակ կատարվածը: 

«Սերժ Սարգսյանն Արմեն Մովսիսյանին (Էներգետիկայի նախկին նախարար ֊ խմբ․) առավ թևի տակ՝ նշանակեց խորհրդական, Տիգրան Սարգսյանին նշանակեց այլ պաշտոնի: Սա նշանակում է, որ իրենք անձեռնմխելիության դաշտում են։ Սա նշանակում է, որ Հովիկ Աբրահամյանը, իր թիմը, այդ թվում նաև Վարդան Այվազյանը, իրավունք չունեն հինը քչփորելու, մեղավորներին պատժելու»,- ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղարը։

Ըստ պատգամավորի՝ հանձնաժողովի ոչ մի անդամ կողմ չէր այն փաստաթղթին, որը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Փաստաթուղթը, Մանուկյանի խոսքով, պետք է գոնե հայտարարեր, որ ծախսերն անարդյունավետ են և գազը էժանացնելու տեղ կա: