Home / Հայաստան / Թալանը կոծկելու համար «Գազպրոմ Արմենիա»֊ն պարգևատրե՞լ է Վարդան Այվազյանին․ «ՀԺ»

Թալանը կոծկելու համար «Գազպրոմ Արմենիա»֊ն պարգևատրե՞լ է Վարդան Այվազյանին․ «ՀԺ»

ԱԺ գազային հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ֊ական պատգամավոր Վարդան Այվազյանի եղբայր Գագիկ Այվազյանն օրերս նշանակվել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության մեխանիկ, «Թալանը կոծկելու համար պարգևատրու՞մ» հոդվածում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Թերթն ընդգծում է, որ սա թերևս փոխհատուցումն է այն աշխատանքի, որ շուրջ 1 տարի կատարել է գազային ժամանակավոր հանձնաժողովը, իսկ Վարդան Այվազյանն արդեն 2 օր է ԱԺ ամբիոնից փորձում է «սվաղել» «Գազպրոմ Արմենիայի» այն բոլոր գործարքները, որը պատգամավորները որակել են որպես թալան։

«ՀԺ»֊ն փորձել է լուրը ճշտել ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանից։ Վերջինս նշել է, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, նոր մարդ իրենք չեն ընդունել, իսկ գլխավոր մեխանիկը Կոլյա Ավանեսովն է։ Թերթի թղթակիցը զանգել է «Գազպրոմ Արմենիա», ներկայացել որպես քաղաքացի ու խնդրել է հեռախոսը փոխանցել գլխավոր մեխանիկին։ Ընկերությունից ասել են, որ գլխավոր մեխանիկի փոփոխություն է տեղի ունեցել, հին մեխանիկի անունը Նիկոլայ Ավանեսով էր, իսկ նորի անունը հրաժարվել են նշել։

Թերթի թղթակիցը զանգահարել է նաև Կադաստրի պետական կոմիտե, որտեղ աշխատում էր Գագիկ Այվազյանը։ Կադաստրից հայտնել են, որ Այվազյանն իրենց մոտ այլևս չի աշխատում, ու, իրենց տեղեկություններով, «Գազպրոմ Արմենիա» է տեղափոխվել։

Վարդան Այվազյանը, իր հերթին, ասել է, որ եղբոր նշանակման մասին տեղեկություններ չունի։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում