Աշխատելով Երևանի Չարենցի անվան թիվ 67 դպրոցում որպես պահակ, տեղեկացա, որ 2013 թ․ հուլիսից կառավարությունը բարձրացրել է աշխատավարձերը՝ նախկին 46 հազար դրամ դրույքաչափի դիմաց՝ 59 հազար 500 դրամ, «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում գրում է Ալբերտ Գևորգյանը:
Նա նշում է, որ այդ թվին գումարվում է դրույքի 30%-ին համարժեք հավելավճարը գիշերային աշխատանքի դիմաց։ Գևորգյանը նշում է, սակայն, որ այդ գումարը ստացել է միայն 2013թ․ օգոստոսին։
«Իսկ 2013թ․ սեպտեմբերից ավարտվեց կառավարության որոշման ուժը, քանի որ դպրոցի տնօրենը և հաշվապահը, հովանավորվելով քաղաքապետարանի անհայտ պաշտոնյայի կողմից, կատարեցին «խելացի» հաշվարկ՝ հօգուտ սեփական գրպանի։ Վերացրին մոտ 17 հազար դրամ գիշերային հավելավճարը և ստեղծեցին գիշերային ժամավճար, որի հետևանքով գումարը մոտ 50%֊ով նվազեց։ Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 184 հոդվածի, գիշերային ժամավճարը բաղկացած է լինում միջին աշխատանքային ժամավճարից՝ գումարելով դրան ժամավճարի 30%֊ը և ապա բազմապատկելով եղած ժամերի քանակով։
Իրականում հաշվապահը հայտնաբերեց միջին ժամավճարը՝ ստացավ 30%֊ը և, առանց գումարելու ժամավճարին, բազմապատկեց ժամերի քանակով։ Այսպիսով, յուրաքանչյուր պահակից կորզեցին ամսական մոտ 10 հազար դրամ։ Նման հաշվարկ կատարելու իրավունք չկա, քանի որ քաղաքապետի կողմից հաստատված հաստիքացուցակի համաձայն, գիշերային պահակի աշխատավարձը բազկացած է 59 հազար 500 դրամ դրույքաչափից, գումարած այդ դրույքաչափի 30%֊ը՝ մոտ 17 հազար դրամ, և, ընդհանրապես, ժամավճարի մասին խոսք լինել չի կարող։
Հետագայում պարզվեց, որ ՊՈԱԿ֊ի բոլոր պահակների աշխատավարձերը քերթվում են ճիշտ այդպես։ Մեկ տարի անընդմեջ դիմել եմ Աշխատանքի տեսչություն՝ ներկայացնելով փաստարկներ այս անհեթեթ և ապօրինի հաշվարկների վերաբերյալ, և խնդրել ընդամենը քաղաքապետարանի միջոցով պարզաբանել ստույգ աշխատավարձի չափը՝ ըստ գործող հաստիքացուցակի։ Առայսօր՝ ապարդյուն»,- գրում է Գևորգյանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում