Home / Հայաստան / Պայթեցված խանութի սեփականատերն այլևս Սամվել Ալեքսանյանին չի կասկածում

Պայթեցված խանութի սեփականատերն այլևս Սամվել Ալեքսանյանին չի կասկածում

Հունվարի 19-ին Մալաթիայում պայթեցված խանութի սեփականատեր Սուսաննա Հովեյանը մտքափոխվել է․ նա համոզվել է, որ ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ֊ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խանութի պայթեցման հետ որևէ կապ չունի, գրում է Armtimes.com կայքը։ Դեպքից հետո խանութի սեփականատերը կայքի հետ զրույցում հայտարարել էր, որ կասկածում է Ալեքսանյանին:

Սուսաննա Հովեյանի խոսքով՝ Սամվել Ալեքսանյանն անում է ամեն հնարավորը, որպեսզի գործը բացահայտվի:

– Տիկին Սուսաննա, ի՞նչ նորություն կա ձեր խանութը պայթեցնելու գործից:

– Մենք (ինքն ու ամուսինը – հեղ.) հարցաքննվել ենք հարուցված քրեական գործի շրջանակներում: Գործն ընթացքի մեջ է, պարզապես ես նախկինում, որ շեշտել եմ Սամվել Ալեքսանյանի անունը, հիմա իր վրայից ես կասկածը հանում եմ, որովհետեւ ուրիշին եմ կասկածում:

-Ո՞ւմ՝ ուրիշին, անուն, ազգանուն կհրապարկե՞ք:

-Դե, հիմա կոնկրետ ես չեմ կարող ասել, ում որ կասկածում եմ, ոչ ոքի հետ կապ չունի, երբ որ հստակ բան կիմանամ, ձեզ կասեմ:

-Ինչպե՞ս համոզվեցիք, որ Սամվել Ալեքսանյանը կապ չունի ձեր խանութը պայթեցնելու հետ:

-Որովհետև Ալեքսանյանն էլ իր համատեղ ուժերով ուզում է, որ գործը բացահայտվի:

-Այսինքն, իր հետ խոսե՞լ եք, նա է ասե՞լ:

-Այո: Գիտեք, նենց դեպք էր, որ տաք գլխով… հետո սառը ուղեղով դատեցի, որ կան մարդիկ, որ կարող էին իրենք լինել, իսկ հիմա անուն չեմ կարող ասել:

-Նախաքննական մարմնին հայտնե՞լ եք, որ Ալեքսանյանը կապ չունի:

-Այո, հայտնել եմ: Ես Ալեքսանյանի վրա ոչ մի բողոք, կամ կասկած անգամ չունեմ:

-Դեպքից հետո եք խոսե՞լ Սամվել Ալեքսանյանի հետ:

-Իր անունը կարող եք հանել:

-Ես հարցնում եմ՝ ե՞րբ եք խոսել և ինչպե՞ս համոզվեցիք, որ Սամվել Ալեքսանյանը կապ չունի այս դեպքի հետ:

-Ես իր հետ չեմ խոսել, արդեն ասեցի, որ ուրիշին եմ կասկածում, իսկ էդ ուրիշը հաստատ իրա հետ կապ չունի: Ես տեղյակ եմ, որ ինքն ամեն ինչ անում է, որ բացահայտվի այս գործը:

-Սկզբում նշեցիք, որ խոսել եք:

-Չէ, ես չեմ խոսել:

-Այդ դեպքում, ո՞վ է խոսել, ձեր ամուսի՞նը:

-Ես ինչ ասում եմ, դա գրեք, եթե հիմնավորված հետո բան կունենամ ասելու, լրացուցիչ ձեզ կտեղեկացնեմ, դուք կհրապարակեք:

-Տիկին Սուսաննա, ձեզ վախեցրե՞լ են:

-Չէ, չէ ինձ չեն վախեցրել, ես չեմ վախենում, հետո Ալեքսանյանը տղամարդ է, ես՝ կին, ես իր հետ ոչ հանդիպել եմ, ոչ էլ, որ ինձ վախեցնի: Եթե վախենայի, առաջին օրն էլ իր անունը չէի տա:

-Իսկ տեղյա՞կ եք, Ալեքսանյանն այս գործի շրջանակներում հարցաքննվե՞լ է:

-Չգիտեմ: