Թեղուտի հանքավայրի թափոնաջրերը լցվում են Շնող գետը՝ դառնալով աղտոտման լուրջ աղբյուր։ Այս մասին տարածած հաղորագրության մեջ նշում է «Համահայկական բնապահպանական ճակատ» (ՀԲՃ) նախաձեռնությունը։
ՀԲՃ֊ն հաղորդագրության հետ տեսանյութ է տարածել, որում երևում է, որ պոչանքները լցվում են վտակը, որը թափվում է Շնող՝ ջրում եղած քարերի վրա նստվածք առաջացնելով։
«Տեսանյութում ներկայացվող ահազանգն ուղղում ենք համապատասխան պետական մարմիններին՝ մասնավորապես ՀՀ բնապահպանության նախարարությանը, որը պարտավոր է վերահսկել այս ամենը։ Մարդիկ առնվազն պետք է իմանան հետևյալ հարցերի հստակ և հավաստի պատասխանները․
1․ Ինչո՞ւ չի գործում ջրի շրջանառու համակարգը Թեղուտի հարստացուցիչ ֆաբրիկայում, և անհայտ բաղադրության հեղուկը հոսելով բնության մեջ խառնվում է Շնող գետին։
2․ Ի՞նչ բաղադրություն ունի այդ հեղուկը և դրա հետևանքով առաջացած նստվածքները, որոնցով պատված են ապարներն ու գետակի հունը։
3․ Հանքավայրի շահագործման սկզբից առ այսօր ուսումնասիրվել է արդյո՞ք այս հոսքաջրերի ֆիզիկո-քիմիական կազմը։ Եթե ուսումնասիրվել են, ապա ի՞նչ պարբերականությամբ, ո՞վ է իրականացրել դրանք և անպայման հանրայնացնել այդ լաբորատոր հետազոտությունների արդյունքները։
Բնապահպանության նախարարությանն առաջարկում ենք նաև կազմակերպել տեսչական ստուգումներ և պարզել «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության ողջ գործունեության համապատասխանությունը հանքավայրի շահագործման նախագծին ու ՀՀ օրենսդրությանը», ֊ նշում է ՀԲՃ֊ն։