Վանաձորի տարածքում բացօթյա առևտուր իրականացնող առևտրականները փետրվարի 8-ին հավաքվել են Վանաձորի քաղաքապետարանում։ «Ասպարեզ» օրաթերթի փոխանցմամբ՝ նրանց տեղեկացրել էին, որ այսուհետ բացօթյա առևտրով կարող են զբաղվել, եթե մտնեն հարկային դաշտ ու գրանցվեն որպես անհատ ձեռներեցներ։ Առևտրականները, սակայն, դեմ են անհատ ձեռներեց գրանցվելուն։
Ըստ բողոքողներից մեկի՝ ՀԴՄ սարքն արժե 300 դոլար․ նման գումար ունենալու դեպքում նրանք այս գործով չէին զբաղվի․ «Երկու յաշիկ միրգ եմ ծախում, մարդ ինչո՞վ ապրի, աշխատատեղ կա՞, որ գնանք ապրենք։ Զուտ մեր հացի փողն ենք վաստակում։ Քաղաքում մարդ էլ չի մնացել»։
Քաղաքապետ Սամվել Դարբինյաննը, իր հերթին, ասել է, որ քաղաքացիները պետք է ենթարկվեն պետության օրենսդրությանը։
«Եթե մենք ապրում ենք մի պետությունում, պիտի էդ պետության օրենսդրությանը ենթարկվենք։ Կամ պիտի լրիվ փողոցային առևտուրը փակենք, կամ բերենք օրենսդրական դաշտ։ Ես օրենք հրապարակող մարմին չեմ, ես, ըստ օրենսդրության, կարգը պահպանող մարդ եմ։ Մինչև էսօր էդ խնդիրն ինչի՞ չէր առաջանում, որովհետև նման պահանջ համայնքապետից չկար։ Բայց եթե օրենքն արդեն իսկ կա և բացօթյա առևտրի դաշտում պիտի վաճառողն անհատ ձեռներեցի կարգավիճակ ունենա, պիտի ունենա», – ասել է քաղաքապետը։
Պատասխանն, սակայն, ներկաներին չի գոհացրել։
«Մթամ օրենք գոյություն ունի, հիմա էլ օրենք կիրառենք», ֊ ասել է նրանից մեկը։
Քաղաքապետը տեղեկացրել է, որ իրավաբանական բաժնին արդեն իսկ հանձնարարվել է զբաղվել բացօթյա առևտրի կարգավորման հարցով։ Նա խոստացավ, որ մեկ շաբաթ անց առևտրականներին կներկայացվեն ուսումնասիրության արդյունքները։ Մինչ այդ առևտրականները կարող են շարունակել իրենց գործունեությունը, նշում է «Ասպարեզ» օրաթերթը։