Փետրվարի 16-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կհնչեցվի բանակում 2010 թվականին զոհված զինծառայողներ Արթուր Ղազարյանի և Վալերի Մուրադյանի մայրերի՝ Իրինա Ղազարյանի և Նանա Մուրադյանի՝ ոստիկանների դեմ բողոքի գործով դատավճիռը։
«Այս գործով նոր նշանակված դատավոր Ռուբիկ Մխիթարյանը նորից քննում էր գործը, բայց քննիչն ու դատախազը առանց պատճառաբանության չէին ներկայացել դատարան։ Դրանով իրենք ուզում էին ասել՝ ոնց ուզենք այդպես էլ կլինի»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Իրինա Ղազարյանը։
Հիշեցնենք, որ 2015 թվականի մայիսի 13-ին ոստիկանության աշխատակիցները, բռնություն կիրառելով, նախագահական նստավայրի դիմացից հեռացրել էին Ղազարյանին և Մուրադյանին։ Կանայք հաղորդում էին ներկայացրել ոստիկանների դեմ, որի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել, սակայն «հանցակազմի բացակայության» պատճառաբանությամբ գործը կարճվել էր: Ղազարյանն ու Մուրադյանը դատական կարգով պահանջում են, որպեսզի Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Հ. Թադևոսյանի կողմից հետապնդում չիրականացնելու և վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերացվի և նոր անաչառ քննություն իրականացվի:
Ծնողներն այսօր՝ փետրվարի 12-ին, կրկին հավաքվել էին նախագահական նստավայրի դիմաց՝ պահանջելով արդար դատավճիռ իրականացնել իրենց որդիների սպանության գործով։