Փետրվարի 14-ին Լոռու մարզի Թումանյան, Տավուշի մարզի Դիլիջան և Սյունիքի մարզի Տաթև համայնքներում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Համայնքների խոշորացման հանրաքվեից հետո այդ համայնքները նրանց միացած բնակավայրերով միասին առաջին անգամ էին համայնքի ղեկավար և ավագանի ընտրում։
Տավուշի մարզի Դիլիջան համայնքում, ինչպես և սպասվում էր, ամենաշատ ձայները հավաքել են Դիլիջան քաղաքի ավագանու թեկնածուները:
Ըստ կենտրոնական հաձնաժողովի տվյալների՝ ավագանու ընտրված 15 անդամներից միայն վեցն են Դիլիջանի հարակից համայնքներից: Մասնավորապես, 3 հոգի ընտրվել է Թեղուտից, 2-ը՝ Հաղարծինից և մեկը՝ Գոշից: Դիլիջանին միացած մյուս երեք համայնքները՝ Հովք, Աղավնավանք և Խաչարձան, համայնքի ավագանում անդամ չեն ունենա։
Համայնքի ղեկավար է ընտրվել Դիլիջանի գործող քաղաքապետ, ՀՀԿ֊ական Արմեն Սանթրոսյանը: Նրա օգտին քվեարկել է 6797 ընտրող: Նրա մրցակից Դիլիջանի նախկին քաղաքապետ Ժորա Սահաբալյանի օգտին քվեարկել է 4353 ընտրող: 20475 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 11 հազար 538 ընտրող՝ ընտրողների 56 տոկոսը, ինչը բավական բարձր ցուցանիշ է համեմատած 2015-ի մայիսի 17-ին կայացած խոշորացման հանրավքեի հետ․ այն ժամանակ մանսակցիցների թիվը 30 տոկոսի սահմաններում էր:
Թումանյան համայնքում իր օգտին 1687 ձայն է ստացել միակ թեկնածուն ՀՀԿ-ական Լևոն Զավարյանը: Ընտրված ավագանիներից 3-ը Թումանյան համայնքից են, 2-ը՝ Լորուտ, ևս 4 համայնքներից՝ Մարց, Շամուտ, Քարինջ, Ահնիձոր, մեկական ավագանու անդամ է ընտրվել։ Աթանը ավագանու անդամ չի ունենա։
Սյունիքի մարզի Տաթև համայնքում 1236 ձայնով ընտրվել է Տաթևի գործող համայնքապետ, դարձյալ ՀՀԿ֊ական Մուրադ Սիմոնյանը: Ավագանու ընտրված 11 անդամներից 5-ը համայնքի ամենամեծ բնակավայրից՝ Շինուհայրից են: Խոտ գյուղից ավագանու 2 անդամ կա, Տաթևից, Սվարանցից, Հալիձորից և Հարճիսից մեկական անդամ։