«ՌԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊԸ–ն մտադիր է մեծացնել Սևանա լճի ավազանում ոսկու որոնման աշխատանքների տարածքը, գրում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ֊ն: Ընկերությունը, որը թույլտվություն է ունեցել ուսումնասիրել Սևանա լիճ թափվող Սոտք գետի Տիգրանագետ վտակի հունի նստվածքները, այժմ ցանկանում է ուսումնասիրություն կատարել նաև Սոտք գետի Ոսկեջուր վտակի վերին հոսանքներում: Ընդհանուր ընկերությունն օգտագործելու է 414.1 հա տարածք, որը պատկանում է Սոտք համայնքին:
Ընկերության նոր հայտի հանրային քննարկումները տեղի կունենան փետրվարի 29-ին՝ ժամը 13:00-ին, Սոտքի գյուղապետարանում: Ըստ հայտի՝ «ՌԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն մտադիր է 2016-2018թթ. բացել չորս փորձնական բացահանքեր:
«Էկոլուրը» նշում է, որ ոսկու որոնումները Սոտքի հանքից իջնում են ներքև՝ ավելի ու ավելի մոտենալով Սևանին և մեծացնելով լճի, հողերի և Սևանա լիճ թափվող գետերի աղտոտման ռիսկը:
«Կոչ ենք անում ՀՀ բնապահպանության նախարարությանը կանգնեցնել Սևանա լճի շրջակայքի աղտոտումը և բացասական եզրակացություն տալ այս հայտին», ֊ նշում է ՀԿ֊ն: