Հայ Ազգային Կոնգրեսը, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը և «Նոր Հայաստան» շարժումը պայմանավորվել են 2016 թվականի մարտի 1-ին համատեղ հավաք անել Ազատության հրապարակում։
Այսօր տարածած հայտարարության մեջ նշվում է, որ կայանալիք հավաք֊երթը կազմակերպվելու է ի հիշատակ 2008թ.-ի մարտի 1-ի ոճրագործության զոհերի և որպես բողոքի ցույց՝ ընդդեմ պետական ահաբեկչության:
Հավաքի մեկնարկը՝ ժամը 18:00֊ին: Երթը կընթանա Ազատության հրապարակ – Մաշտոցի պողոտա – Գրիգոր Լուսավորիչ փողոց – Մյասնիկյանի արձանի հարակից տարածք երթուղով:
2008 թվականի Մարտի 1-ին ՀՀ իշխանությունները (նախագահ Ռոբերտ Քոչարյան, ԿԸՀ֊ի կողմից ընտրություններում հաղթող ճանաչված նախագահի թեկնածու, գործող վարչապետ Սերժ Սարգսյան) ցրեցին Ազատության հրապարակում 10 օր խաղաղ ցույցեր անցկացնող քաղաքացիներին, ապա երեկոյան հրազեն կիրառեցին ընդդիմության աջակիցների դեմ։ Նշենք, որ մինչ օրս 10 մարդու սպանության համար ոչ մեկ չի կալանավորվել, ոչ ոք չի դատապարտվել։