Փետրվարի 19-ին կալանավորված ինժեներ, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի կնոջն այսօր թույլ չեն տվել տեսակցել ամուսնուն։ Epress.am–ի հետ զրույցում Գասպարիի կինը՝ Անահիտ Այվազին, պատմել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ֊ում իրեն ասել են, որ կալանավորվածը «գտնվում է կարանտինի մեջ», և Այվազին ամուսնուն կկարողանա տեսնել միայն 7 օրից։
Գասպարիի կնոջը թույլ են տվել հանձնուք փոխանցել։
Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է՝ առանց նախապես զգուշացվելու:
Նա մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի, Սոնա Մելիքյանի և դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ: Գասպարին բոյկոտում էր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատաքննությունը և չէր ներկայանում դատերին։
Նշենք, որ գործով առավելագուն պատիժ է սահմանված 2-3 ամիս կալանավորումը։ Գասպարիի պաշտպանները հայտարարել են, որ կալանավորման որոշումն ապօրինի է։