ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին դուր չի գալիս, երբ տղամարդ պատգամավորները առավոտյան միմյանց համբուրելով են բարևում։ Մանուկյանն իր կարծիքը հնչեցրել է այսօր Ազգային Ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված Արդարադատության փոխնախագահ Արման Թաթոյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ՝ մինչ իր հիմնական ելույթին անցնելը։
«Փորձեք այդ ադաթից դուրս գալ։ Այստեղ դուք այդ մշակույթը տարածում եք, մի՛ արեք, երեխաներն են տեսնում», ֊ հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավորը։
ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ֊ական Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե կարևորը այդ համբույրը Հուդայի համբույր չլինի։ Մանուկյանը փոխխոսնակին խնդրել է չարձագանքել, և անցել բուն թեմային․ «Մարդու իրավունքների դոմինանտ թեման քաղաքական իրավունքներն են, մանավանդ այն երկրում, որտեղ կան քաղբանտարկյալներ։
Այս առումով հաճախ ստվերում են կրթական և մշակութային իրավունքները։ 2 օր առաջ Իսահակյանի գրադարանի ֆասադը գաղտագողի քանդեցին, որը շարունակությունն էր մյուս պատմամշակութային շենքերի քանդելու փորձին»։
Մանուկյանը նաև ընդգծել է, որ ՀԱԿ խմբակցությունը ժամանակին օրենքի նախագիծ էր մշակել, որում նշվում էր, թե մշակութային արժեքների ցուցակը պետք է հաստատի Ազգային Ժողովը։ Այժմ պատգամավորը որոշել է այդ օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնել։
«Սա շանտաժ չհամարեք, բայց եթե այն չանցնի, ես փորձելու եմ սկսել «Մշակութային արժեքների փրկության» քաղաքացիական շարժում։ Քաղբանտարկյալները մի օր ազատ կարձակվեն, և հնարավոր կլինի ինչ-որ բան վերականգնել, իսկ պատմամշակութային արժեքների ոչնչացումը անվերադարձ է», ֊ նշել է Մանուկյանը։
Դիմելով ՄԻՊ թեկնածուին՝ պատգամավորն ասել է, թե բարձրացված հարցը հենց օմբուդսմենի ինստիտուտի խնդիր է, որովհետև դա մարդկային իրավունքի ոչնչացում է՝ մարդու՝ պատմության հետ առնչվելու առումով:
«Ես ձեզ ցանկանում եմ, որ փուշ ունենաք, որովհետև մեր նախարարներին փուշն է պակասում, նրանք կարող են տարիներով նստել ու ոչ մի փշոտ բան չասել կատարվող անարդարությունների մասին: Ես Ձեզ փուշ եմ ցանկանում: Եթե փուշ ունենաք, մենք կհամագործակցենք Ձեր հետ, եթե ոչ, ապա գնացեք կործանվեք, ինչպես մյուսները»:
Ելույթի ավարտին Էդուարդ Շարմազանովը կրկին հիշել է տղամարդկանց ողջագուրման թեմայի մասին․ «Աժ-ում մի հատ ջիգյարով ողջագուրվել էր մնացել, էդ էլ են առաջարկում վերացնենք»։