Home / Տեսանյութեր / Մահացած զինվորի լուսանկարները քննիչի համար ապացուցողական հիմք չեն

Մահացած զինվորի լուսանկարները քննիչի համար ապացուցողական հիմք չեն

2007 թվականին բանակում ոչ մարտական պայմաններում զոհված Տիգրան Օհանջանյանի հայրը՝ Սուրեն Օհանջանյանը, 2016 թվականի հունվարի 25-ին դիմել էր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ բողոքարկելով իր որդու քրեական գործը քննող քննիչի և դատախազի՝ վարույթը կասեցնելու որոշումը: Այսօր դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ կայացել է գործով առաջին դատական նիստը:

Դիահերձարանում արված լուսանկարում երևում է, որ Տիգրան Օհանջանյանի ձախ ականջի վրա կան վնասվածքներ, որոնք կարող էին առաջանալ հարվածի հետևանքով, սակայն դատաբժշկագիտական փորձաքննությունը դրանք չի արձանագրել: Այս մասին այսօրվա նիստին ասել է մահացած զինվորի հայրը։

Իր բողոքին կից Օհանջանյանը դատարան է ներկայացրել վերոնշյալ լուսանկարները՝ որպես ապացույց այն բանի, որ դատաբժշկագիտական փորձաքննությունը կատարվել է թերի, և այդ լուսանկաները կարող են գործի բացահայտման համար կարևոր նշանակություն ունենալ: Պաշտոնական վարկածի համաձայն` զինվորը հոսանքահարվել է, սակայն ծնողները պնդում են, որ իրականում իրենց որդին սպանվել է։

tigranohanjanyanhand

Ի պատասխան՝ քննիչ Արսեն Մովսիսյանը (լուսանկարում` ձախից) հայտարարել է, որ այդ լուսանկարները անորակ են և որևէ ապացուցողական հիմք չեն կարող ունենալ:

«Գուցե, դրանք ոչ թե վնասվածքներ են, այլ դիակային բծեր: Ինձ չի թվում, որ էդ նկարները պետք է հետազոտել»,- ասել է Մովսիսյանը:

Դատավորը, իր հերթին, դժգոհություն է հայտնել՝ ասելով, թե ինչու պետք քննիչը պարզի, պնդի կամ ապացուցի՝ դրանք ինչ վնավածքներ են, այլ ոչ թե դատաբժիշկը:

Միայն դատավորի պահանջից հետո է քննիչը դատարանին ներկայացրել դատաբժշկագիտական փորձաքննության արդյունքները: Համաձայն փորձաքննության` լուսանկարները չեն կարող հանդիսանալ բժշկական հետազոտության օբյեկտ և չունեն ապացուցողական արժեք: Դրանք կարող են գործին կցվել որպես հարակից նյութեր:

«Էդ ինչպե՞ս է, որ փողոցում դրված բազմաթիվ տեսախցիկների նկարահանածները շատ դեպքերում կարող են հանցագործության բացահայտման հիմք դառնալ, իսկ այդ լուսանկարները՝ ոչ», – դատարանում ասել է Սուրեն Օհանջանյանը:

Վերջինս նաև միջնորդել է, որ դատարանի դահլիճ հրավիրվի վկա Արմեն Գալստյանը: Ըստ պաշտոնական վարկածի՝ Գալստյանն այն անձն է, որն առաջինն է տեսել Տիգրան Օհանջանյանին մահացած վիճակում և փորձել է բարձրացնել նրան: Փորձաքննության մեջ նշվել է, որ Գալստյանը էլեկտական լարի հետ հպումից ձեռքի այրվածք է ստացել, սակայն, Օհանջանյանի խոսքով, ինքը մի քանի օր անց տեսել է վկային, և վերջինիս ձեռքին ոչ մի այրվածք չի եղել:

Օհանջանյանի մահվան գործով դատական գործընթացի ժամանակ դատարանը մի քանի անգամ փորձել է հրավիրել Գալստյանին, սակայն, դատարանի հաղորդմանբ, նա կա՛մ ներկա չի գտնվել Հայաստանում, կա՛մ նրան չեն կարողացել գտնել, քանի որ հասցեն փոխել է, տունը վաճառել: Ըստ Օհանջանյանի, սակայն, վկան շարունակում է ապրել նույն հասցեով:

«Դատարանը, չգիտես ինչու, խուսափել է նրան բերել նիստերի դահլիճ»,- ասել է զոհված զինվորի հայրը:

Վկային դատարանի դահլիճ հրավիրելն Օհանջանյանը հիմնավորել է նրանով, որ Գալստյանը կարող է արժեքավոր տեղեկություններ տրամադրել:

Հայրը նշել է, որ առերեսումներից մեկի ժամանակ վկան պատմել էր, թե Տիգրան Օհանջանյանի դիակը հեռացնելուց հետո բռնել է նույն ալեհավաքի ամրալարը, և իրեն հետևից մոտեցած մեկ այլ մարդ է պոկել դրանից: Բայց թե ով է եղել այդ երրորդ անձը, Գալստյանը չի հիշել: 

«Ո՞վ ա էդ երրորդ մարդը, որ բռնել է էդ տղային [վկա Արմեն Գալստյանի-խմբ.] հետևից: Ո՞նց կարա մեկն իր կյանքը փրկի, ու ինքը չհիշի էդ մարդուն: Թող բերեն դատարան էդ վկային, որ պարզենք՝ ինչ է իրականում եղել»,- ասել է Օհանջանյանը: Նա հարց է բարձրացրել, թե այդ դեպքում ինչպես է ամրալարը բռնած Գալստյանին հաջողվել չվնասվել:  

Նշենք նաև, որ Epress.am-ի լրագրողը նախապես միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ դռնբաց նիստը տեսանկարահանելու համար: Սակայն քննիչը մերժել է միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ դեռևս պետք է ապահովել գործի գաղտնիությունը:

Դատավոր Մելքոնյանը որոշում է ընդունել մասնակի բավարարել միջնորդությունը՝ թույլ տալով նկարահանել դատական նիստի առաջին հինգ րոպեն:

Այսօրվա նիստը հետաձգվել է, որպեսզի դատարանը ծանոթանա ներկայացված փաստաթղթերին: