հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ֆեյքից մինչև ԱԱԾ պետ. Գեորգի Կուտոյանի «Ֆեյսբուքի» կեղծ էջը․ «ՀԺ»

Ֆեյքից մինչև ԱԱԾ պետ. Գեորգի Կուտոյանի «Ֆեյսբուքի» կեղծ էջը․ «ՀԺ»

Սերժ Սարգսյանի կողմից շռնդալից կերպով ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակված Գեորգի Կուտոյանին ԱԱԾ հին գայլերն, այնուամենայնիվ, փորձում են «կծմծել», «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում «Ֆեյքից մինչև ԱԱԾ պետ» հոդվածում գրում է Աննա Հակոբյանը։

Նա նշում է, որ Կուտոյանն իր նշանակումից հետո հանրությանը ներկայացավ բավական դրական կերպարով՝ լավ կրթություն, անթերի կենսագրություն։

«Հանգստյան օրերին, սակայն, հայտնի դարձավ, որ Գեորգի Կուտոյանը նախագահի աշխատակազմում աշխատելու ընթացքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Մելս Խաչատրյան» անունով «Ֆեյք» է ունեցել, այսինքն կեղծ էջ և թաքնվել այդ անվան տակ, զանազան գրառումներ է արել Հայաստանի հասարակական֊քաղաքական կյանքում տեղի ունեցող տարբեր իրադարձությունների մասին։ Ավելին, այդ էջը Կուտոյանը բացել է նախագահի նստավայրում իր աշխատանքային էլէկտրոնային փոստից, ինչը ԱԱԾ ապագա տնօրենի համար բավական անխոհեմ վարմունք է։ Թեև դա իր բացատրությունը կարող է ունենալ․ պարզապես Կուտոյանը թերևս երբեք չի մտածել, որ այդ ֆեյքը երբևէ կարող են իր դեմ օգտագործել։ Բանն այն է, որ իր կեղծ էջում նորանշանակ տնօրենը բացառապես իշխանահաճո գրառումներ է կատարել։ Ընդդիմադիրների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ակտիվիստ երիտասարդների հասցեին վիրավորական արտահայտություններ գրելիս նա չի կաշկանդվել․ «Գասպարին, տեսնես, ինչո՞վ է զբաղվում օրվա մեջ, որպես սովորական մարդ։ Աշխատո՞ւմ է ինչ֊որ տեղ, մասնագիտություն ո՞ւնի, լավ, իր ընտանիքի հաց հանապազօրյան ո՞նց է վաստակում, կինը նրան հարգո՞ւմ է որպես ամուսին, երեխաներ ո՞ւնի, նրանք ո՞նց են նայում իրենց պորտաբույծ ու հիստերիկ հոր «գասպարալողին»։

«Պետք է վերջապես հասկանանք, որ բարձրագույն կրթությունը պետք է թանկ հաճույք լինի, որ ամեն պատահական մեկին հասու չլինի, պետք է կրկնակի, եռակի ավելանան, որ սոցիալական արդարությունը համոզիչ, արժանահավատ լինի, որ վերջապես բուհերը բեռնաթափվեն միջակությունից՝ կործանիչ միջակությունից, որ սրիկների պես բազմապատկում, բազմապատկվում, լցվում֊նվաճում են հասարակությունն ու էսօր դառել են պատուհաս պետության համար, կենդանի օրինակը՝ կուսակցությունների երիտթևերը, գրանտակեր ակտիվիստները, համացանցային պորտաբույծները․․․»։

«Արդյոք մենք պետք է ոգևորվե՞նք, որ դրսի արատավոր բարքերն այլևս անկոմպլեքս իրացվում են մեր քաղաքացիների կղմից, որ ակտիվիստ աղջիկը, հայ աղջիկն ամեն ինչ անում է, որ ոստիկանը ֆիզիկական կոնտակտի մեջ մտնի իր հետ, բերման ենթարկի, ինչ ա մեկ րոպե հետո կարողանա այդ «էքսկլյուզիվը» հրամցնել համացանցում ու․․․«համընդհանուր հեշտանքը» անընդհատ, շարունակական մնա»․ սրանք միայն ծաղիկներ են նորանշանակ ԱԱԾ տնօրենի ֆեյք էջի գրառումներից։

Դրանցում մի հերոս կա սակայն, գրեթե կուռք, ներշնչանքի աղբյուր․ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

«Դե ասեք, որ Գասպարյան Վովայի ձեռքը իրադարձությունների զարգացման պուլսին չի․ Սոչիում երկու Վլադիմիրներն իրար փաստորեն կես խոսքից հասկանում են․․․ Ճիշտն ասած՝ չեմ էլ զարմանում, որ հենց Վովա Գասպարյանն այդ արեց։ Էդ մարդուն իսկապես էլ հալալ ա․ էս մարդու իրականացրած ռազմավարությունը երկրի ներսում էլ, դրսում էլ իսկապես հարգանքի արժանի մի բան ա», սա էլ ոստիկանապետին նվիրված բազմաթիվ գրառումներից մեկն է։

Ամեն դեպքում, սիրուն բան չեղավ․ ֆեյսբուքյան «ֆեյքը» իսկապես անարժանապատիվ է և կարող է նսեմացնել յուրաքանչյուրին», ֊ գրում է հոդվածագիրը։