Ռուսաստանում 6․9 տարվա ազատազրկման դատապարտված հայաստանցի վարորդ Հրաչյա Հարությունյանը ողնաշարի ճողվածք (գրիժա) ունի և անհապաղ պետք է վիրահատվի, այլապես հաշմանդամ կդառնա: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը: Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը, թերթի հետ զրույցում հայտնել է, որ ինքը բժշկական թղթերն արդեն իսկ ուղարկել է բանտի պետին:
«Տվել են, չեն տվել [թղթերը] տեղեկություններ չունենք: Երեկ Հրաչյայի ընկերն է զանգահարել, ասաց, որ ինքը քանի օր է փակված է [խցում], ոչ մեկը փորձ չի անում մոտ գնալ, ու իր վիճակն էլ, ասում են, լավ չէ: Աղջիկս է այս ընթացքում խոսել իր հետ, Հրաչյան ասել է՝ ես վատ եմ, ինձ ասում են սիմուլյանտություն ես անում, չեն հավատում, որ իմ ողնաշարի վրա գրիժա կա, չեմ կարողանում տեղաշարժվեմ: Իսկ այնտեղ ոչինչ էլ չեն արել… շատ դաժան վիճակի մեջ է»,-ասել է Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ Հարությունյանը այս պահին անգամ չի կարողանում քայլել, նույնիսկ դուրս չի գալիս խցից: Հարությունյանի վիճակը թեթևացնելու խնդրանքով Մարտիրոսյանը մի քանի անգամ դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն:
«Մի քանի անգամ դիմել եմ, ոչ մի բան չեն անում, ստում են, թե այո, այո, բայց ոչ մի հարց էլ չեն լուծում: [Հայաստան] տեղափոխելու հարցն էլ չեն լուծում: Արդարադատության նախարարությունը խաբեց, թե շուտով տեղափոխում ենք, բայց սուտ է, հիմա էլ ոչ մի տեղեկություն չունեն, ասում են, որ Մոսկվան պետք է ինչ-որ բան անի, իսկ Մոսկվան ոչինչ չի անի, եթե դուք չպահանջեք»,-թերթի հետ զրույցում ասել է Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ որ 2013 թվականի հուլիսի 13-ին ռուսաստանյան Պոդոլսկ քաղաքի մոտ Հրաչյա Հարությունյանի վարած «ԿամԱԶի» արգելակները շարքից դուրս են եկել, բեռնատարը կողաշրջվել է և հարվածել ավտոբուսին, ինչի հետևանքով ավտոբուսում եղած 64 ուղևորներից 18-ը մահացել է: Դեպքից հետո վնասվածքներ ստացած Հարությունյանին կնոջ խալաթով բերել են դատարան, ինչը Հայաստանում բողոքի ակցիաների պատճառ է դարձել։
Հարությունյանը ազատազրկման է դատապարտվել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեջ: Վարորդը ընդունել է առաջադրված մեղադրանքը վթարի մասով։