Home / Հայաստան / ԱԺ-ի դիմաց պահանջում են հստակ տեղեկություն տալ «Նաիրիտի» հետագա ճակատագրի մասին

ԱԺ-ի դիմաց պահանջում են հստակ տեղեկություն տալ «Նաիրիտի» հետագա ճակատագրի մասին

Ազգային ժողովի շենքի դիմաց այսօր հավաքված «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները պահանջել են իրենց ներկայացնել գործարանի հետագա ճակատագրին վերաբերող որոշումներն ու ծրագրերը։

Epress.am-ի հետ զրույցում գործարանի նախկին աշխատակից Արա Կարեյանը նշել է, որ մինչև հիմա իրենք հուզող հարցերի վերաբերյալ Կառավարությունից կամ ԱԺ֊ից ոչ մի պատասխան չեն ստացել․ «Մենք ցանկանում ենք իմանալ, թե ինչ ծրագրեր կան գործարանի վերագործարկման հետ կապված, և այդ նպատակով դիմելու ենք ԱԺ Աշխատանքային հանձնաժողովին»։

Նախկին աշխատակիցների համար մտահոգիչ է նաև այն, որ «Նաիրիտ» գործարանում գույքագրում է կատարվում։

«Մենք անցած շաբաթ հանդիպեցինք ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյանի հետ և բարձրացրեցինք գույքագրման մասին մեր անհանգստությունը, սակայն նա մեկնաբանել է, որ գույքագրումը կատարում է «Նաիրիտը» վերագործարկել ցանկացող ընկերությունը, որպեսզի աշխատող և չաշխատող մասերը իրարից տարանջատեն։ 5 տարի շարունակ ամեն տարի գույքագրում է կատարվում ու հիմա էլ 115 միլիոն դրամ ծախս են կատարել, որ գույքագրում անեն, որը մեզ կասկածելու տեղիք է տալիս», ֊ ասել է Կարեյանը։

Լևոն Շահվերդյանը աշխատակիցներին հավաստիացրել է, որ գործարանը կվերագործագրի, բայց չի հստակեցվել, թե երբ կլնի դա։ Նշենք, որ Շահվերդյանը նաև ասել էր, որ «Նաիրիտը» կարող է ռուսաստանյան ընկերություն վերագործարկել։

Նախկին աշխատակիցները, այնուամենայնիվ, կասկածում են, թե գործարանը կարող է տարվել սնանկության ու փակվել։ Նաիրիտցիները պնդում են, թե գործարանը պետք է վերագործարկվի, քանի որ կարող է մրցակցային արտադրանք տալ։