ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը փետրվարի 19-ին կալանավորված ինժեներ Վարդգես Գասպարիի հայտնած տվյալների հիման վրա դիմել է գլխավոր դատախազին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վարույթ նախաձեռնելու առաջարկով: Նույն հարցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով ՄԻՊ գրասնեյակը դիմել է նաև ՀՀ Արդարադատության նախարարին, ասված է գրասենյակի կողմից այսօր տարածած հայտարարության մեջ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման ծառայության աշխատակիցները երեկ հանդիպել են Վարդգես Գասպարիին: Վերջինս նրանց հայտնել է, որ հացադուլ է սկսել է, քանի որ խցում ենթարկվել է վատ վերաբերմունքի‚ այդ թվում՝ բռնության: Ըստ հայտարարության՝ հանդիպումից հետո Գասպարին դադարեցրել է հացադուլը:
«Ինչ վերաբերում է Գասպարիին ազատությունից զրկելու իրավաչափության հարցին‚ ապա ուսումնասիրությամբ պարզվել է‚ որ Վարդգես Գասպարիին կալանավորելու մասին որոշում իր վարույթում գտնվող քրեական գործով կայացրել է դատարանը: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Պաշտպանն իրավասու չէ միջամտել դատական վարույթին»: Նույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը Մարդու իրավունքների պաշտպանին արգելում է բողոքի ուսումնասիրման ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ դատավորներից»,-ասված է հայտարարության մեջ:
Այնուհանդերձ Գասպարիի փաստաբանների հրապարակային հայտարարություններից և Ազգային ժողովում Գասպարիի խոշտանգումների հարցը մի քանի պատգամավորների կողմից բարձրացնելուց հետո՝ ՄԻՊ գրասենյակը ուսումնասիրել է Գասպարիին ազատությունից զրկելու հետ կապված իրավական հարցը:
«Ուսումնասիրության հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է‚ որ անձին ազատությունից զրկելու հարցը լուծելիս ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի դրույթները պահանջում են պահպանել դրանցով սահմանված չափանիշները, մասնավորապես՝ ազատությունից զրկման հարցը լուծելիս դատարանի կողմից լսվելու իրավունքը‚ ազատությունից զրկվելու պատճառների մասին տեղեկանալու իրավունքը և այլն», – ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է՝ առանց նախապես զգուշացվելու: Նա մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի, Սոնա Մելիքյանի և դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ: Գասպարին բոյկոտում էր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում իր գործով ընթացող դատաքննությունը և չէր ներկայանում դատերին։
Երեկ Գասպարիին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Նորքի հոգեբուժարան՝ դատհոգեբանական փորձաքննության: Երեկոյան մի խումբ քաղաքացիներ ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա են անցկացրել ի պաշտպանություն Վարդգես Գասպարիի՝ պառկելով Բաղրամյան 26-ի դարպասների առջև՝ փողոցի երթևեկելի հատվածում։
Գասպարիի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 26-ին, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: