Քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիի փաստաբան Տիգրան Եգորյանին «Նուբարաշեն» ՔԿ-ում թույլ չեն տվել տեսակցել իր պաշտպանյալին: Իր հայտարարության մեջ փաստաբանը նշում է, որ նման արգելքը Սահմանադրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք դրույթների խախտում է, հետևաբար` «Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի անձնակազմի կողմից Գասպարիի առանձնատեսակցությունն արգելելն ապօրինի է:
Համաձայն Եգորյանի, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Գասպարիին տեսակցելը արգելել են՝ հիմնվելով Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի գրության վրա, որով վերջինս հայտնել է, որ վարույթից հեռացված են փաստաբաններ՝ Տիգրան Եգորյանը և Լուսինե Հակոբյանը, իսկ Գասպարիի պաշտպան է միայն Դավիթ Գյուրջյանը:
«Նելլի Բաղդասարյանի` փաստաբաններին վարույթից հեռացված համարելու որոշումը ապօրինի է, քանի որ Գասպարին ողջ վարույթի ընթացքում չի հրաժարվել իր պաշտպաններից, իսկ 15.02.2016թ. դատական նիստի ընթացքում բանավոր հայտարարությամբ հաստատել է, որ իր պաշտպաններն են փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը և Դավիթ Գյուրջյանը»,- իր հայտարարության մեջ նշել է Եգորյանը: