Թեև «Մալաթիա» տոնավաճառի տաղավարների վարձավճարները երկօրյա բողքից հետո 20 հազարական դրամով իջեցվել են, առևտրականները դժգոհ են:
«Դե հա, ժողովուրդը սսկվավ, բայց էդ 20 հազար դրամը հարցի լուծում չի, էստեղ ավելի մեծ փոփոխություններ են պետք», – Epress.am-ի հետ զրույցում ասել է շուկայի աշխատակիցներից մեկը:
Այնուհանդերձ տոնավաճառի գրեթե բոլոր տաղավարները այսօր բացվել են աշխատելու: «Դե էս ամսվա վճարը մենք տվել ենք արդեն, կաշխատենք մինչև ամսվա վերջ: Մարտի 1-ին տեսնենք ինչ ա լինելու, էդ օրը վարձ տալու օրն ա արդեն, էդ օրը ավելի հստակ կիմանանք շարունակել աշխատել, թե ոչ», – ասել է տոնավաճառում աշխատող մի կին:
Բոլոր առևտրականները կշարունակեն աշխատել, բացի մի քանի առևտրականներից: Epress.am-ի հետ զրույցում ասել է տոնավաճառի աշխատակիցներից մյուսը:
Նրա խոսքով՝ տնօրենը սպառնացել է աշխատանքից հանել երեկ իր հասցեին «ավել-պակաս» խոսացող աշխատակիցներից մի քանիսին:
Հիշեցնենք, որ երեկ «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները փակել էին տոնավաճառին հարակից Րաֆֆի փողոցը՝ պահանջելով իջեցնել տաղավարների վարձավճարները: Առևտրականների հետ բանակցությունների արդյունքում տնօրենը որոշել է իջեցնել միայն այն առևտրակաների վարձավճարները, ովքեր մինչ այդ «զեղչի» տակ չէին ընկել: Կամ 20 հազարական դրամով իջեցնել բոլորի վճարները, բայց այդ դեպքում ինքը այլևս «որևէ մեկի փոխարեն չի անելու» հաշվապահություն: Առևտրականները դժգոհ էին մնացել և որոշել, որ կշարունակեն իրենց բողոքը: