Ոստիկանության զորքերի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը, ըստ պաշտոնական տվյալների, 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից արտակարգ դրության հայտարարումից 10 րոպե առաջ արդեն իսկ եղել է հիվանդանոցում։ Հրազենային ծանր վնասվածքով նա ապրել է 40 օր, որից հետո մահացել է հիվանդանոցում։ «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմում Տիգրան Աբգարյանը մայրը՝ Ռուզան Հարությունյանն ասում է, որ, հնարավոր է, իր որդուն սպանել են Ռոբերտ Քոչարյանի՝ արտակարգ դրության մասին հայտարարությունը հաստատելու համար։ Ֆիլմի հեղինակ Տիգրան Պասկևիչյանը նշում է, որ այդ հայտարարությունը հաստատող փաստեր կան․ «Պաշտոնական վարկածի համաձայն, Տիգրան Աբգարյանը սպանվել է անհայտ մեկի կողմից հեռվից արձակված կրակահերթից՝ Լեո֊Պարոնյան խաչմերուկի մոտ։ Փորձաքննությունները, բորոլ թերություններով հանդերձ, չեն կարողացել շրջանցել այն փաստը, որ Աբգարյանի պարանոցի հատվածում առկա է մուտքի մեկ անցք, և այդ անցքի չափը մի քանի անգամ գերազանցում է գնդակի չափին, ինչը բնորոշ է ընդհուպ կրակոցին»։
Զոհվածի հայրը՝ Էդիկ Աբգարյանը հիշեցրել է, որ ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ֊լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանը Մարտի 1-ի դեպքերը քննող ԱԺ ժամականավոր հանձնաժողովին ասել էր, թե ինքը տեսել է՝ ով է կրակել զինվորի վրա, հրամայել է կրակել ավտոմատավորի ոտքին, որից հետո, ըստ բարձրաստիճան ոստիկանի, վիրավոր ավտոմատավորը փախել է և նրա ինքնությունը չի պարզվել։ Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանի հարցին ի պատասխան՝ Մարտի 1-ի գործողությունների մասնակից, ոստիկանական զորքերի 1033 զորամասի վաշտի հրամանատար Գրիգոր Շահինյանը, ով ներկա է եղել դեպքի վայրում, հայտարարել է, որ նման մարդու չի տեսել։ Էդիկ Աբգարյանը հարց է բարձրացրել՝ եթե այդ վայրում ոստիկաններ էին կագնած և ավտոմատավորը վիրավոր էր՝ արդյոք հնարավոր չէր նրան բռնել։
2008 թվականի Մարտի 1-ին ՀՀ իշխանությունները (նախագահ Ռոբերտ Քոչարյան, ԿԸՀ֊ի կողմից ընտրություններում հաղթող ճանաչված նախագահի թեկնածու, գործող վարչապետ Սերժ Սարգսյան) ցրեցին Ազատության հրապարակում 10 օր խաղաղ ցույցեր անցկացնող քաղաքացիներին, ապա երեկոյան հրազեն կիրառեցին ընդդիմության աջակիցների դեմ։ Հետագայում քննչական մարմինները և դատարանները չանդրադարձան օրենքի խախտումները բացահայտող փաստերին։ Օրենքի բազմաթիվ խախտումների մասին վկայում են Մարտի 1-ի իրադարձությունները քննելու համար ստեղծված Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի ներկայացրած զեկույցները, որոնցում ընդգրկված փաստերն արտացոլվել են Տիգրան Պասկևիչյանի և ռեժիսոր Արա Շիրինյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմում։ Այսօր՝ Մարտի 1-ի 7-րդ տարելիցի օրը, Epress.am֊ը մի քանի հոդվածներով անդրադառնում է զեկույցներում և «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմում ներկայացված փաստերին։ Նշենք, որ մինչ օրս 10 մարդու սպանության համար ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ոչ ոք չի դատապարտվել։
«Հայաստանի կորսված գարունը» ֆիլմն ամբողջությամբ՝ այստեղ