ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2008 թվականի հոկտեմբերին ստեղծված Փաստահավաք խումբը գործունեությունը դադարեցրել է 2009 թվական հունիսին։ Այդ ընթացքում Խումբը «Ոստիկանության զորքերի թիվ 1032 զորամասի սպա Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքների հետ կապված ուսումնասիրության արդյունքները» անունը կրող զեկույց է հրապարակել, որտեղ ներկայացված մի շարք փաստեր վկայում են սպայի մահվան քննության ընթացքում կատարված ապօրինությունների մասին։
«Հայաստանի կորսված գարունը» ֆիլմում ներկայացված է (2 մաս, 29-րդ րոպեից սկսած) այն պահը, երբ 21։18-ին Ռուսաստանի դեսապանության մոտ վիրավորվում է Համլետ Թադևոսյանը։ Ֆիլմի հեղինակ Տիգրան Պասկևիչյանը ընդգծում է, որ դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի կողմից արտակարգ դրություն հայտարարելու առիթն ավելի առարկայական դարձավ։ Հաջորդ օրը պաշտոնական քարոզչամիջոցները հայտարարում են, որ Համլետ Թադևոսյանը վիրավորվել է ցուցարարների կողմից նետված նռնակի պայթույնից, իսկ կապիտանը զինվորներին փրկելու համար իր մարմնով ծածկել է նռնակը։ Ռոբերտ Քոչարյանն անձամբ է մասնակցել Թադևոսյանի հոգեհանգստի արարողությանը։
Փաստահավաք խումբը նշում է, որ Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների առնչությամբ քրեական գործում եղած նյութերի միջև ակնհայտ հակասություններ կան։
Ցուցարարների կողմից նետված նռնակի և գետնի հպան տեղում պետք է փոս առաջանար, մինչդեռ տեղազննության արձանագրություններում նման բան նշված չէ։ Բացի դա, կապիտանի մոտ գտնվող զինվորները չէին կարող միայն թեթև բեկորային վնասվածքներ ստանել, իսկ Թադևոսյանը չէր կարող ընդամենը վիրավորվել և մահանալ 6 ժամ անց հիվանդանոցում․ մասնագետների կարծիքով՝ պայթյունն անմիջապես կխլեր նրա կյանքը։ Մահվան հանգամանքների բացահայտմանը կարող էր օգնել մասնագիտական համակողմանի փորձաքննությունը, սակայն Փաստահավաք խմբի անդամները պարզել են, որ, օրինակ, քննություն ընթացքում անհետացել է կարևորագույն իրեղեն ապացույց հանդիսացող ոստիկանության կապիտանի զրահաբաճկոնը։
Համաձայն պաշտոնական փաստաթղթերի, ոստիկանության քննիչ Արմեն Թադևոսյանն առգրավվել է Համլետ Թադևոսյանի հագուստը։ Առգրավումից առաջ երկու բուժքույրերի ներկայությամբ նա զննել է տոպրակի պարունակությունը, որի մեջ եղել է զրահաբաճկոնը, և Արմեն Թադևոսյանն արձանագրել է դրա առկայությունը։
Երբ հարցուպատասխանի ժամանակ Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը հարցրել է քննիչ Կարապետ Հովսեփյանին, թե ուր է կորել զրահաբաճկոնը, որը Թադևոսյանը, ըստ արձանագրության, տվել է իրեն, քննիչը պատասխանել է, թե զրահաբաճկոնը չի տեսել։
Հովսեփյանը վկայել է, որ ինքը չի զննել հագուստը և ընդամենը գրագրի դեր է կատարել։ Զննումն իրականում քննիչ Համլետ Տերտերյանն է կատարել, ով իրավասու չէր դա անել։ Կազմված արձանագրությունում նշված չի եղել՝ ում է պատկանում զննված հագուստը։ Փաստահավաք խմբի անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ Տերտերյանին հարցնում են՝ ինչու չի նշված՝ ում հագուստն է զննվել և խնդրում են ապացուցել, թե այն պատկանում է Թադևոսյանին։ Քննիչը պատասխանում է․ «Դե ինչ ապացուցեմ, բանավոր ասում եմ»։ Տերտերյանը նույնպես նշում է, որ զրաբաճկոն չի եղել։
«Զրահաբաճկոնը չէր կարող կորել։ Այն կարող էր թաքցվել վերևից իջեցված կարգադրությամբ, որպեսզի հնարավոր չլիներ ապացուցել, որ Համլետ Թադևոսյանը վիրավորվել է իր մոտ եղած «Զարյա» տեսակի նռնակի պայթյունից։ Երբ Փաստահավաք խումբը մոտ էր այդ տեսակետի ապացուցմանը, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ֊լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանը հայտարարեց, թե այդ օրերին մաքսանենգ ճանապարհով Հայաստան են բերվել հատուկ միջոցներ, այդ թվում՝ «Զարյա» նռնակներ։ Դա պիտի հիմք տար մտածելու, թե ցուցարարները ոստիկանների դեմ հատուկ միջոց են կիրառել, սակայն ծիծաղելի այս հնարքը հերքվեց անգամ հատուկ քննչական ծառայության կողմից», ֊ «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմում նշում է Տիգրան Պասկևիչյանը։
2008 թվականի Մարտի 1-ին ՀՀ իշխանությունները (նախագահ Ռոբերտ Քոչարյան, ԿԸՀ֊ի կողմից ընտրություններում հաղթող ճանաչված նախագահի թեկնածու, գործող վարչապետ Սերժ Սարգսյան) ցրեցին Ազատության հրապարակում 10 օր խաղաղ ցույցեր անցկացնող քաղաքացիներին, ապա երեկոյան հրազեն կիրառեցին ընդդիմության աջակիցների դեմ։ Հետագայում քննչական մարմինները և դատարանները չանդրադարձան օրենքի խախտումները բացահայտող փաստերին։ Օրենքի բազմաթիվ խախտումների մասին վկայում են Մարտի 1-ի իրադարձությունները քննելու համար ստեղծված Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի ներկայացրած զեկույցները, որոնցում ընդգրկված փաստերն արտացոլվել են Տիգրան Պասկևիչյանի և ռեժիսոր Արա Շիրինյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմում։ Այսօր՝ Մարտի 1-ի 7-րդ տարելիցի օրը, Epress.am֊ը մի քանի հոդվածներով անդրադառնում է զեկույցներում և «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմում ներկայացված փաստերին։ Նշենք, որ մինչ օրս 10 մարդու սպանության համար ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ոչ ոք չի դատապարտվել։
«Հայաստանի կորսված գարունը» ֆիլմն ամբողջությամբ՝ այստեղ