Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները ուրբաթ առավոտյան ականապատ մեքենա են պայթեցրել երկրի հարավարևելյան Մարդին նահանգում, հայտնում է Today's Zaman կայքը` հղում անելով Reuters֊ին։
Հարձակումը, որի հետևանքով զոհվել է երկու ոստիկան, վիրավորվել 35 մարդ, այդ թվում երկու քաղաքացիական անձինք, տեղի է ունեցել առավոտյան ժամը 6֊ին Սիրիային սահմանակից Նուսայբին շրջանում գտնվող ոստիկանական բաժանմունքի մոտ։
Ահաբեկիչների կողմից մեկ այլ ականապատ մեքենա պայթեցվել էր փետրվարի 17֊ին մայրաքաղաք Անկարայում՝ երկրի Խորհրդարանի ու ԶՈՒ Գլխավոր շտաբի շենքերից ոչ հեռու, այն պահին, երբ դրա կողքով անցնում էին զինվորական անձնակազմի անդամների տեղափոխող մեքենաներ։ Պայթյունի հետևանքով զոհվել էր 29, վիրավորվել շուրջ 70 մարդ։
Վերջին ամիսներին Թուրքիայում մի շարք հարձակումներ է իրականացրել նաև «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը (ԻԼԻՊ)։ Անցած տարեվերջին Սուրուչ նահանգում և մայրաքաղաք Անկարայում, իսկ այս տարվա հունվարին Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած երեք ահաբեկչական պայթյունների հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է ավելի քան 140 մարդ։