Մարտի 1-ի սպանությունների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ՀՀ կառավարությանն ուղղված հարցերին պատասխանելու ժամկետը սպառվել է մարտի սկզբին, սակայն ՄԻԵԴ֊ի կողմից այն երկարաձգվել է, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից թերթին հաղորդել են, որ իրենց պատասխան դիրքորոշումը հայտնելու համար վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև մարտի վերջ, որը, ըստ նախարարության, սովորական պրակտիկա է ՄԻԵԴ-ի հետ աշխատանքներում։
«Նախորդ տարվա սեպտեմբերին Եվրադատարանն առաջին հարցերն էր ուղղել Հայաստանի իշխանություններին։ ՀՀ կառավարությունը, ըստ իրեն ուղղված հարցերի, պետք է պարզաբանի, թե արդյոք խախտվե՞լ է Մարտի 1-ի զոհերի՝ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքը։ Արդյո՞ք նրանց մահը այնպիսի ուժի գործադրման հետևանք է, որը եղել է «բացարձակ անհրաժեշտություն»։ Արդյո՞ք ներպետական ատյաններում քննությունն ընթացե՞լ է Կոնվենցիայի խախտումներով։ Արդյոք զոհերի իրավահաջորդներին համար մինչև ՄԻԵԴ դիմելը սպառված են եղել երկրի ներսում արդյունավետ քննության հասնելու հնարավորությունները», – գրում է «ՀԺ»֊ն։
Նշենք, որ 10 զոհերից 9-ի (բողոքարկման գործընթացին չի միացրել միայն ոստիկանության սպա Համլետ Թադևոսյանի ընտանիքը) հարազատները 5 տարի առաջ դիմել են ՄԻԵԴ՝ պահանջելով ճանաչել կյանքի, խոշտանգումներից ու անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու արդյունավետ քննության, համարժեք փոխհատուցուման ու այլ իրավունքների խախտումները։