ՀՀ միջին և մանր գործարարներն արտասահմանից, մասնավորապես՝ Թուրքիայից, Զինաստանից և ԱՄԷ֊ից ապրանքներ ներմուծելու համար վերջին տարիներին օգտվել են «մաքսային պապկաներ» կոչվող համակարգից։ «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ գործարարներն արտասահմանում գնած իրենց ապրանքներն օրինական ճանապարհով ՀՀ ներմուծելու դեպքում ստիպված են լինում մաքսազերծման համար վճարել ահռելի գումարներ, ինչի արդյունքում դրանք շուկայում դառնում են ոչ մրցունակ, իսկ, այսպես կոչված, «մաքսային պապկաներով» ապրանքների ներմուծումը մի քանի անգամ էժան է։
«Այդ սկզբունքով Թուրքիայից ՀՀ ապրանքների ներմուծմամբ և մաքսազերծմամբ զբաղվում է մոտ 5 ընկերություն, որոնցից ամենախոշորը «4 ընկեր» ՍՊԸ-ն է։ Նշված ընկերությունը Թուրքիայից Հայաստան 1 կգ ցանկացած ապրանք տեղափոխելու և մաքսազերծելու համար գործարարներից պահանջում է 2 ԱՄՆ դոլար գումար։ Այսպիսով՝ 1 բեռնատար ավտոմեքենան Թուրքիայով Հայաստան տեղափոխում է մոտ 20 հազար կգ տարբեր տեսակի ապրանքներ, որի դիմաց «4 ընկեր» ՍՊԸ-ն ստանում է 40 հազար ԱՄՆ դոլար գումար», – նշում է թերթը։
Նշված գումարից ընկերությունը մաքսազերծման համար վճարում է մինչև 8 հազար ԱՄՆ դոլար, իսկ ճանապարհածախսը կազմում է 4 հազար 500 ԱՄՆ դոլար։ Ելնելով այս հաշվարկներից՝ յուրաքանչյուր բեռնատար մեքենայից ընկերությունն ստանում է միջինը մոտ 27 հազար 500 ԱՄՆ դոլար շահույթ։
«Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր ամիս նշված ընկերությունը Թուրքիայից Հայաստան է տեղափոխում մոտ 60 մեքենա, ապա պարզ հաշվարկով ստացվում է, որ ամսական աշխատում է միջինը մոտ 1 մլն․ 650 հազար դոլար, որը ոչ մի տեղ չի երևում, և որից ընդհանրապես հարկեր չեն գանձվում։ Մեր տեղեկություններով, «4 ընկեր» ՍՊԸ-ում ամենամեծ բաժնեմասն ունի ՀՀ Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) պետ Հրաչյա Հարությունյանը՝ «Կրակեմ Հրաչ» մականունով», – տեղեկացնում է «Հրապարակը»։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում