ԵՏՄ երկրներից անձնական օգտագործման նպատակով քաղաքացիների ներկրած ավտոմեքենաներից ավելացված արժեքի հարկի գանձումը դադարեցնելուց հետո ՀՀ պետական բյուջեն էական կորուստներ է ունենալու, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Ներկայումս Պետեկամուտների կոմիտեում քննարկվում է առաջացող բացը այդ աղբյուրից լրացնելու տարբերակներ։ Ամենահավանական տարբերակը, որ քննարկվում է, երրորդ երկրներից ԵՏՄ տարածքով Հայաստան ներկրվող ապրանքներից գանձվող ԱԱՀ֊ի ծավալների մեծացումն է։
«Խնդիրն այն է, որ Եվրոպայից Հայաստան ներկրվող ապրանքներից մի զգալի մասը մաքսազերծվում է Բելառուսում, իսկ Չինաստանից եկող ապրանքները՝ Ղազախստանում։ Այս երկու երկրներում էլ ապրանքները հիմնականում մաքսազերծվում են ներկրողի ներկայացրած հաշիվ-ապրանքագրով, և այդ երկրների մաքսային ծառայությունները ապրանքների գները արհեստականորեն չեն ուռճացնում ավելի շատ մաքսատուրք գանձելու նպատակով, ինչը մեր մաքսավորների սիրելի զբաղմունքն է։ Այդ ճանապարհով Հայաստան մուտք գործած եվրոպական և չինական ապրանքներից գանձվում է նաև ԱԱՀ, որը հաշվարկվում է Բելառուսում ու Ղազախստանում տվյալ ապրանքների մաքսազերծման ժամանակ կիրառված գնից», – տեղեկացնում է «ՀԺ»-ն։