Վերջին շրջանում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է 70 տոկոսով և Հայաստանի բնակչությունը տարածաշրջանում ամենաթանկ սակագինն է վճարում էլեկտրաէներգիայի դիմաց։ ԱԺ-ում այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2016թ. ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե Վրաստանում 28.6 դրամ է (1 ԿՎ/ժ), հայաստանցիները վճարում են 48.7 դրամ։ ՀՀ սպառողներից էլեկտրաէներգիայի վարձավճարի հավաքագրումը հասնում է 94 տոկոսի․ նման ցուցանիշ ԱՊՀ ոչ մի երկրում չկա», – հայտարարել է ՀԱԿ պատգամավորը։
Նա նշել է, որ 2013 թվականից էներգետիկ համակարգում ճեղքվածքը փակելու համար անընդհատ բարձրացրել են էլեկտրաէներգիայի սակագինը, սակայն այդ ճեղքվածքը ոչ մի կերպ չի փակվել․ «2014 թվականին պարզվեց, որ չնաայած նախորդ տարում մենք էլեկտրաէներգիայի համար վճարել ենք հավելյալ մոտ 40 միլիարդ դրամ, բայց ճեղքվածքը ոչ թե փոքրացել է, այլ մեծացել, և պետք է [կիլովատի համար] 4 դրամ էլ ավել վճարենք։ 2015 թվականին պարզվեց, որ այդ ճեղքվածքը ոչ միայն չի փակվել, այլ ՀԵՑ-ը էներգիա արտադրողներին մոտ 24 միլիարդի պարտք է կուտակել, որը չի կարողանում վճարել։ Արդյուքնում մենք պետք է 6.9 դրամ ավել վճարենք ՀԵՑ-ին, որ նա մարի իր պարտքերը։ Բայց իրականում պարզվել է, որ այդ գումարներով փակվել են ոչ թե հայկական էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների պարտքերը, այլ ամերիկյան և արտասահմանան ընկերությունների պարտքերը։ Արդյուքնում ստացվում է, որ էս Բիբինը մեր փողերը հավաքել ա ու ալարել ա մեր սեփականությունը հանդիսացող ընկերություններին վճարի, և ամբողջը տարել ա, տվել ա արտասահմանցի սեփականատերեր ունեցող ընկերություններին։ Սրանից հետո էլ Բիբին կոչված երևույթը, եկել, մեր դուռը կտրել ա ու, ըստ էության, շանտաժ է արել։ Ասել ա՝ եթե դուք էլեկտրաէներգիայի գինը 3 տարին անընդմեջ չմեծացնեք, ձեր էներգետիկ համակարգը կրախի կենթարկվի, քանի որ էներգիա արտադրող հայաստանյան ընկերություններին ես փող չեմ տալիս, այլ ամբողջ գումարը տալիս եմ ռուսական ու ամերիկյան ընկերություններին: Սրանից հետո էլ ՀԾԿՀ-ն ասում է՝ Բիբին ջան, կլինի՞, 17 դրամով չթանկացեք, 6.9-ով թանկացնե՞ք, մի հատ էլ վիզ է ծռում: Հետո էլ պետք է ասեն, որ պետք չէ քաղաքականացնել և սա ռուս-ամերիկյան դավադրություն չէ՝ հայաստանյան էներգետիկ համակարգը սնանկացնելու համար»:
Նիկոլ Փաշինյանը նաև ասել է, որ 2015 թվականի օգոստոս ամսվանից ՀԵՑ-ի ստացած ամենաքիչը 10-11 միլիարդ դրամի հավելյալ եկամուտից միայն չնչին տոկոսն է տրամադրել՝ հայակական էներգիա արտադրող ընկերություններին ունեցած իր պարտքը մարելու համար․ «Արդյունքում ճեղքվածքը նորից է մեծացել, բայց Բաղրամյան պողոտայի հայտնի իրադարձություններից հետո իշխանություններն այդքան դուխ չունեն, որ գան, ասեն, որ էլի կա ֆինանսական ճեղքվածք, ու արդյուքնում էդ ճեղքվածքը փակելու համար 30 մլն դոլարի վարկ են վերցրել: Ես չեմ կասկածում, որ սա ևս կհայտնվի ռուս-ամերիկյան դավադրության ձեռքերում: Հայ-ռուս-ամերիկյան ակտյորներն են այս գործում խառնված, և եթե համապատասխան մարմինները մեր էներգետիկ համակարգի կործանմանը վերջ չտան, վաղ թե ուշ հայ ժողովուրդը ստիպված է լինելու մտածել Հրազդանի ՋԷԿ-ը, Որոտանի ՀԷԿ-ը և ՀԷՑ-ը ազգայնացնելու մասին»: