Այս տարվա հունվարի 1-ից Հայաստանում դադարեցվել է «Զիպրեքսա» հոգեմետ դեղի անվճար մատակարարումը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, որի պատճառով դեղը օգտագործողների առողջական վիճակը խիստ վատթարացել է: Այս մասին վարչապետին գրված բաց նամակում գրել է «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը:
«Կրկին գնումների մրցույթի ձգձգման պատճառով 2016թ.-ից դադարեցվել է դեղի անվճար մատակարարումը: Այսօր մեր շահառուների առողջական վիճակը խիստ վատթարացված է: Շահառուների մոտ 30% արդեն գտնվում են հոգեկան առողջության կենտրոններում ու գնալով նրանց թիվը կավելանա, եթե ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչությունները Ձեր անմիջական միջամտությամբ չկարգավորեն այս խնդրահարույց գործը:
Մենք ս/թ փետրվարի 3-ին մեր բողոք-դիմումն ուղղեցինք ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար-նախարար պրն.Դավիթ Հարությունյանին: Սակայն մեր բողոք նամակը մնաց անպատասխան մինչև մարտի 2-ը՝ հեռախոսազրուցից հետո, որը կայացավ ՀՀ կառավարության սոցիալական վարչության պետ տկն.Աստղիկ Միրզախանյանի հետ: Սակայն նա մեզ համոզելով խաբեց, որի պատճառով մենք զրկվեցինք Դավիթ Հարությունյանի հետ հանդիպումից:
2016թ. մարտի 12-ին ՀՀ կառավարության շենքում ՀԱՎՀԱ-ի մոտ 45 շահառուներին ընդունեց քաղաքացիների բողոքարկման հարցերով պատասխանատու պրն. Ալեքսան Ղազարյանը, որի արդյունքում մեր հարցին կրկին հստակ պատասխան չտրվեց:
Մարտի 14-ին, ժամը՝ 17:00-ին «Գնումների աջակցման կենտրոն»-ում այս հարցով տեղի է ունենալու նիստ, որի արդյունքում որոշվելու է մեր դեղի ապահովման ճակատագիրը: Խնդրում ենք Ձեզ աջակցել 300 հիվանդներին` կրկին ստանալու որակյալ դեղը: Մեր շահառուների հետագա առողջական վիճակը կախված է Ձեր անաչառ միջամտությունից»,-գրված է բաց նամակում: