Վանաձորի բնակիչ Ռ. Գ.-ին ծեծի ենթարկելու գործի վարույթը անօրինական ճանապարհով է ընթացել։ Այս մասին գրում է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպությունը՝ ներկայացնելով քննության մանրամասները:
Կազմակերպությանը դիմած Ռ.Գ.-ի խոսքով՝ 2015 թ. նոյեմբերի 17-ին Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղի տարածքում գտնվող «Ռոսիա» գիշերային ակումբում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ՌԴ քաղաքացի Կ. Բ.-ն հարվածել է իրեն՝ առողջությանը ծանր վնաս հասցնելով: Հարուցված քրեական գործի շրջանակներում, սակայն, ըստ օրենքի քննություն չի իրականացվում, պնդում են իրավապաշտպանները:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նշում է, որ քրեական գործ (112-րդ հոդվածի 1-ին մասով ` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հարուցելուց միայն երկու շաբաթ անց է կայացվել Կ.Բ.-ին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը: Ինչ վերաբերում է Ռ. Գ.-ին որպես տուժող քրեական գործում ներգրավելուն, ապա վերջինս դրա վերաբերյալ որոշում դեռևս չի ստացել, մինչդեռ քրեական գործ հարուցելուց անցել է ավելի քան երեք ամիս:
«Ռ. Գ.-ի պնդմամբ՝ Լոռու մարզի քննչական բաժնի աշխատակիցները նախ փորձել են կոծկել հանցագործությունը, ապա առաջարկել համաձայնության գալ մեղադրյալի հետ՝ որպես փոխհատուցում տրվող գումարի շուրջ, այլապես վերջինս ոչինչ չի վճարի: Դրան հաջորդել է մեղադրյալ Կ. Բ.-ի և նրա մերձավորների կողմից Ռ. Գ.-ի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ սպառնալիքները, ինչի մասին վերջինս հայտնել է իրավապահ մամիններին, որոնք, սակայն, հրաժարվել են միջոցառումներ ձեռնարկելուց: Ռ. Գ.-ի պնդմամբ՝ իրավապահ մարմինների կատարյալ անգործության պայմաններում շարունակվում են ճնշումներն ու սպառնալիքները իր և իր ընտանիքի նկատմամբ: Իրավապահ մարմինները ոչ միայն միջոցներ չեն ձեռնարկում հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու ուղղությամբ, այլև տարբեր ճանապարհներով փորձում են կոծկել կատարված հանցագործությունը, մասնավորապես, Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի բաժնի պետի պաշտոնակատար Ն. Խաչատրյանը ուղղորդել է մեղադրյալ Կ. Բ.-ին, որ վերջինս համաձայնության գա դատաբժշկական փորձաքննություն իրականացնող փորձագետի հետ՝ ոչ ճիշտ եզրակացություն կատարելու շուրջ, ինչի մասին բացահայտ հայտնել է Ռ. Գ.-ին»,-գրված է հաղորդագրության մեջ:
Քաղաքացու դիմումի հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ կասկած հայտնելով, որ քննչական մարմնի աշխատակիցների և գործով մեղադրյալի միջև առկա է հանցավոր համագործակցություն: Կազմակերպությունը պահանջել է անհապաղ միջոցներ ձեռնարկել Ռ. Գ.-ի խախտված իրավունքների վերականգնման, նրա և նրա ընտանիքի անդամների անվտանգության ապահովման ուղղությամբ, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել ներկայացված հանցագործությունը բացահայտելու, քրեական գործ հարուցելու, հանցանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: