Հովհաննես Հովսեփյանին Պետեկամուտների կոմիտեի նախագահ նշանակելուց հետո դադարել է, այսպես կոչված՝ «կարգոների» աշխատանքը։ Դրանք ընկերություններ են, որոնց միջոցով գործարարները ներկրում և մաքսազերծում են իրենց ապրանքները, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
«Կարգոների» գործունեության դադարեցման հետևանքով, ըստ թերթի տեղեկությունների, Հայաստան ներկրվող որոշ ապրանքների դեֆիցիտ է նկատվում։
«Այն դեռ միայն մեծածախ շուկայում է, բայց այսպես շարունակվելու դեպքում մոտ 20-30 օր հետո կտեղափոխվի նաև մանրածախ շուկա։ Խոսքը կենցաղային սարքավորումների, տեխնիկայի, հագուստեղենի մասին է։ Խնդիրն այն է, որ նախկինում «կարգոները» որոշակի վճարի դիմաց և մաքսայինի հետ «համագործակցելու» շնորհիվ ներկրողների ապրանքները մաքսազերծում էին քաշով, իսկ հիմա ցանկացած ապրանք մաքսայինը մաքսազերծում է հատով և բացառապես հսկիչ գներով, որոնք աստղաբաշխական են, և փոքր ու միջին գործարարները այդպիսի գներով մաքսազերծումից հետո ոչ մի կերպ չեն կարող մրցակցել խոշոր ու ստվերում աշխատող խոշոր բիզնեսի հետ։ Այդ իսկ պատճառով փոքր ու միջին ներկրողները ժամանակավորապես դադարեցրել են ներկրումները», – նշում է թերթը։