ՀՀ ֆինանսների նախարարության պետեկամուտների կոմիտեում քննարկվել է մանրածախ առևտրում բոնուսներ կիրառող ընկերություններին լրացուցիչ հարկելու հարցը։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
«Խնդիրն այն է, որ Հայաստանում գործող օրենսդրության տրամաբանությամբ՝ մանրածախ առևտրում հաճախորդին յուրաքանչյուր գնումի դեպքում բոնուսային միավորներ տալը համարվում է հաճախորդի փաստացի ստացած եկամուտ, որը ենթակա է հարկման եկամտային հարկով՝ 10 տոկոսով։
Այսինքն, եթե հաճախորդը որևէ խանութից առևտուր է անում և կուտակում բոնուսային միավորներ, որոնցով տարեվերջին կարող է «անվճար» գնում կատարել այդ խանութից, ապա դա փաստացի եկամուտ է և ենթակա է հարկման։ Իսկ հաճախորդի հարկային գործակալ տվյալ դեպքում հանդես է գալիս խանութը, որն էլ պետք է վճարի այդ հարկը։
Բոնուսային համակարգը ամենաշատը կիրառում է Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամոյի) հետ կապված «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը։ Մեր տեղեկություններով՝ ՊԵԿ֊ը հաշվարկներ է արել և գտել, որ անցած տարիների ընթացքում հաճախորդներին տրված բոնուսային միավորներիից գանձվելիք եկամտային հարկը կազմում է մի քանի միլիարդ դրամ։ Երեկ ՀՀ ֆինանսների նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, թե «Ալեքս Գրիգ» ընկերությունը («Երևան Սիթի» ցանցը մտնում է «Ալեքս Գրիգ» ընկերության կազմի մեջ) 2015 թվականի ընթացքում մի քանի խախտումների համար տուգանքների է ենթարկվել, սակայն մեր նշած պատճառով ընկերությունը չի տուգանվել։ Փաստորեն, պետեկամուտների կոմիտեն, չնայած բյուջեի եկամուտների թերակատարմանը, կամովին հրաժարվել է մի քանի միլիարդ դրամից։ Տեսնես ինչու՞», ֊ նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում