Բաքվի Վերաքննիչ դատարանի կողմից մարտի 17֊ին ազատ արձակված ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովը մտադիր է հասնել ամբողջական արդարացման։ Իրեն դիմավորելու եկած գործընկերների հետ զրույցում Միրկադիրովն ասել է, որ մեղադրող կողմն իր մեղքը հաստատող որևէ ապացույց չի ներկայացրել ու չէր էլ կարող ներկայացնել, քանի որ ինքը չի կատարել մեղսագրվող հանցագործությունները՝ կապեր Հայաստանի կամ մեկ այլ երկրի հատուկ ծառայությունների հետ։
Ադրբեջանական «Թուրան» տեղեկատվական գործակալության փոխանցմամբ, Միրկադիրովն իր դեմ քրգործը համարում է «Ադրբեջանի համար թշնամի երկրի հատուկ ծառայությունների սադրանքը, որին, առանց նույնիսկ գիտակցելու, ներգրավվել են Ադրբեջանի իրավապահ մարմինները»։
Միևնույն ժամանակ, լրագրողը հայտարարել է, որ քննության ընթացքում այս կամ այն ցուցմունքը ստանալու նպատակով իր վրա որևէ ճնշում չի գործադրվել․ «Բանտում վերաբերմունքը բավականին կոռեկտ էր»։
Միրկադիրովը հավելել է, որ մտադիր է վերադառնալ լրագրողական գործունեությանն առողջական վիճակը վերականգնելուց անմիջապես հետո․ անազատության ընթացքում վատթարացել է լրագրողի տեսողությունը, առաջացել են պարբերական գլխացավեր ու այլ հիվանդություններ։ Նա նաև պատրաստվում է իր փաստաբանի հետ քննարկել ամբողջական արդարացման հասնելուն ուղղված հետագա քայլերը։
Ռաուֆ Միրկադիրովը ձերբակալվել էր 2014 թվականի ապրիլին ու դատապարտվել 6 տարվա ազատազրկման՝ Հայաստանի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով։ Երեկ Բաքվի Վերաքննիչ դատարանը վճռել է կիրառել պայմանական պատիժ ու ազատ է արձակել լրագրողին։