Երեկ առավոտյան արդեն պարզ է դարձել, որ Արարատյան դաշտում ծիրանենիների մի զգալի մասը ցրտահարվել է, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Օդի ջերմաստիճանը արձանագրող բազմաթիվ կայանների տվյալներով գիշերը ժամը երեքից մինչև առավոտյան 7-ը Արարատյան դաշտում ջերմաստիճանը բացասական է եղել, իսկ ժամը 4-5-ը ընկած հատվածում այն եղել է մինուս 5-6 աստիճան: Սա բավարար է, որպեսզի ծիրանենին ցրտահարվի, և այսպիսի ջերմաստիճանի դեպքում նույնիսկ այգիների ծխահարությունը և ինտենսիվ ոռոգումը շոշափելի արդյունքներ տալ չեն կարող:
«Կարելի է այլևս արձանագրել, որ այս տարի, մասնավորապես, ծիրանի բերքը շատ ավելի համեստ է լինելու, քան անցած տարի: Իսկ անցած տարի Հայաստանում հավաքվել էր մրգի ռեկորդային բերք, որի արդյունքում գյուղատնտեսական արտադրանքի աճը նախորդ տարվա համեմատ, ըստ պաշտոնական վիճակագրության, կազմել էր մոտ 12 տոկոս: Այսպիսի առատ բերքը ստացվել էր հենց բնակլիմայական աննախադեպ բարենպաստ պայմանների շնորհիվ: Ցավոք, այս տարի նման արդյունք այլևս սպասել պետք չէ:
Ավելի բարձրադիր գոտիներում մրգատու ծառերը դեռ չեն ծաղկել, ինչը հույսեր է ներշնչում, որ մրգերի արտառոց դեֆիցիտ այս տարի Հայաստանում չի լինի, ինչպես եղավ 2014 թվականին: Մնում է միայն հուսալ, որ այս տարի գոնե կարկուտը չի վերացնի մնացած բերքը», ֊ գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում