Եթե «Հարկային օրենսգրքի» նախագիծը ընդունվի այն տեսքով, որով ներկայումս շրջանառվում է, ապա դրա ուժի մեջ մտնելուց որոշ ժամանակ անց Հայաստանում գրեթե բոլոր ապրանքները կդրոշմապիտակավորվեն։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
«Ընդ որում, դրոշմապիտակավորման են ենթակա լինելու այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են լուցկին, զուգարանի թուցթը, բամբակը, աղը, «ադիբուդին», մակարոնեղենը, շոկոլադը, վանիլը, դարչինը․․․։ Դրոշմապիտակավորումը մեր կառավարությունը դիտարկում է, որպես ստվերի դեմ պայքարի միջոց։ Այսինքն, յուրանքանչյուր ապրանքի վրա դրոշմապիտակ փակցնելը բերում է նրան, որ հարկային մարմինը կարողանում է արձանագրել, որ տվյալ ապրանքը հաշվառված է, և դրանից վճարված են համապատասխան հարկերը։
Մեր տնտեսության ստվերային հիմնական հատվածը գտնվում է բոլորովին այլ տեղ և դրա վրա դրոշմապիտակներ չեն փակցվելու։ Օրինակ, ինչպես կարելի է դրոշմապիտակով պայքարել հանքաարդյունաբերության ոլորտում առկա հսկայական ստվերի դեմ։
Բայց եթե խոսքը միայն խանութներում վաճառվող ապրանքների ստվերային շրջանառությունը կանխելու մասին է, ապա անհասկանալի է, թե ինչպես է այդ հսկայական ցանցից «պլստացել», օրինակ, շաքարը։ Թե՞ այս ցանկը կազմելիս կառավարությունը փորձել է անել ամեն ինչ, որ հանկարծ չկպնի իր սիրելի օլիգարխներին։
Իհարկե, կարող է հնչել տեսակետ, թե շաքարավազը հիմնականում վաճառվում է կիլոյով, այս իսկ պատճառով հնարավոր չէ այն դրոշմապիտակավորել։ Բա էդ դեպքում ինչու՞ է դրոշմապիտակավորվում մակարոնեղենը։
Բացի դա, առնվազն անհասկանալի է, թե ինչու են դրոշմապիտակավորվելու ներկրվող ապրանքները։ Չէ՞ որ դրանք ՀՀ սահմանին պետք է անցնեն մանրակրկիտ հաշվառում, մաքսազերծվեն և նոր միայն հայտնվեն խանութներում։ Ստացվում է, որ օրենքի նախագծով փաստորեն կասկածի տակ է դրվել մաքսային ծառայության ազնվության հարցը։
Փաստորեն տարեկան մի քանի միլիարդ հատ ապրանք պետք է դրոշմապիտակավորվի, իսկ դրանց մի զգալի մասը ավտոմատացնել հնարավոր չէ։ Ու «Հարկային օրենսգիրքը» այս տեսքով ուժի մեջ մտնելու դեպքում հսկայական մարդկային և ֆինանսական ռեսուրսների կուղղվեն դրոշմապիտակներ փակցնելու գործին», ֊ նշում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում