Հունվարի 4-ին «Արմավիր» ՔԿՀ-ում մահացած 21-ամյա Անզոր Կարապետյանի իրավահաջորդների իրավունքների պաշտպան Անի Չատինյանը լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն է ներկայացրել Քննչական կոմիտե: Այս մասին հաղորդում է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպությունը:
Փաստաբանը նշում է, որ իրենք համաձայն չեն փորձագիտական եզրակացության հետ, քանզի վերջինս լիարժեք չէ, կան չպարզաբանված հարցեր, որոնք կարող են էական նշանակություն ունենալ գործի ելքի համար, հետևաբար՝ լրացուցիչ փորձաքննություն նշանակելու և փորձագետներին լրացուցիչ հարցեր առաջադրելու անհրաժեշտություն կա:
ՀՀ Քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնի 2016 թ. մարտի 8-ի որոշմամբ փաստաբանի միջնորդությունը բավարարվել է:
Իրավապաշտպան կազմակերպությունը ընդգծում է, որ լրացուցիչ փորձաքննություն նշանակելու միջնորդությունն առաջացել է նաև այն պատճառով, որ 2016 թվականի հունվարի 4-ին «Արմավիր» ՔԿՀ-ում մահացած 21-ամյա Կարապետյանի հարազատները, որոնք ներկա են եղել վերջինիս դիահերձման ժամանակ, արժանահավատ չեն համարում պաշտոնական վարկածը, ըստ որի Կարապետյանը ինքնասպան է եղել: