Բելգիայի ոստիկանությունը որոնում է կասկածյալի, որը, ենթադրաբար, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է։ Reuters գործակալությունը գրում է, որ նրան տեսել են երկու մահապարտ ահաբեկիչների հետ Բրյուսելի օդանավակայանում, իսկ այնուհետև նաև մետրոյի կայարաններից մեկում երեքշաբթի իրականացված ահաբեկչական հարձակումներից րոպեներ առաջ։
«[Օդանավակայանի անվտանգության տեսախցիկները] ֆիքսել են երեք արական սեռի կասկածյալի։ Նրանցից երկուսը, ամենայն հավանականությամբ, մահապարտներն էին, իսկ երրորդն այժմ որոնվում է»,֊ լրագրողների հետ զրույցում ասել է բելգիացի դատախազ Ֆրեդերիկ Վան Լյովը։ Պաշտոնյան հավելել է, որ բելգիացի իրավապահներն այժմ փորձում են պարզել՝ արդյոք հարձակումը կապված էր նոյեմբերին Փարիզում իրագործված ահաբեկչության ու դրա գլխավոր կասկածյալներից մեկի՝ 26֊ամյա Սալահ Աբդեսլամի չորս օր առաջ Բրյուսելում ձերբակալության հետ։
Առնվազն 34 մարդու կյանք խլած և ավելի քան 200 մարդու վիրավորած ահաբեկչության պատասխանատվությունը երեկ ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը։ Տարածած հաղորդագրության մեջ ահաբեկիչները նշել են, որ «խալիֆաթի զինվորները, մահապարտների գոտիներով և պայթուցիկ սարքերով զինված, հարձակվել են Բրյուսելի օդանավակայանի և մետրոյի կենտրոնական կայարանի վրա»։
Ահաբակչության զոհերի հիշատակին Բելգիայում եռօրյա սուգ է հայտարարվել։ Ակնկալվում է, որ այսօրվանից կվերականգնվի քաղաքային տրանսպորտի դադարեցված աշխատանքը, բացառությամբ օդանավակայանի, որը չի գործի առվնազն ևս մեկ օր։