Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվել է ցմահ ազատազրկված և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արդեն 20 տարի իր պատիժը կրող Արթուր Մկրտչյանի ներկայացրած բողոքի քննությունը:
Բանակում 5 ծառայակիցներին սպանելու մեղադրանքով ազատազրկման դատապարտված Արթուր Մկրտչյանը բողոքարկում է իր դեմ նշանակված վարչական երկու տույժերը, որոնց պատճառով արդեն 5 տարի քրեակատարողական հիմնարկը չի քննարկում իր վաղաժամկետ ազատ արձակման դիմումը: Նիստի ժամանակ Արթուր Մկրտչյանը նշել է, որ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն իրեն չեն բացատրել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ տույժը։
Ըստ Մկրտչյանի՝ իր համար տույժն ընկալվել է միայն պատժախցի տեսքով, սակայն երբեք չի իմացել դրա իրավական հետևանքների մասին։
Ցմահ դատապարտյալի շահերի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը հայտարարել է, որ կալանավայրի աշխատակիցն անօրինականություն է թույլ տվել՝ ասելով, որ բջջային հեռախոսը (այն պահելու համար նշանակվել է տույժը) ինքնակամ հանձնելու դեպքում դատապարտյալը չի ենթարկվի պատասխանատվության, ինչը ենթադրում է, որ անօրինական ճանապարհով է հայտնաբերել չթույլատրվող իրը, հետևաբար տույժի որոշումը նույնպես անօրինական է․
«Անգամ եթե կա իրը և պատիժն էլ համաչափ է, սակայն գործընթացը եղել է օրենքի խախտումով, նշանակում է, որ արդյունքը չի կարող օրինական լինել։ Այս որոշումը պետք է անվավեր ճանաչվի, քանի որ ստեղծված է անօրինական հիմքերի վրա»:
Բողոքի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի մարտի 30-ին:
Փաստաբանի խոսքով՝ պաշտոնական տվյալներով մինչև մարտի15-ն արդեն 16 ցմահ դատապարտյալ հատել է 20 տարվա ազատազրկման շեմը, որոնցից 13-ը դիմել են վաղաժամկետ ազատման համար, սակայն մինչև այսօր նրանցից ոչ-ոք ազատ չի արձակվել։
«Այսինքն քրեակատարողական գործառույթը՝ անձին ուղղելու վերաբերյալ չի գործում։ Սա նաև փաստ է, որ մենք չունենք վաղաժամկետ ազատման մեխանիզմ, իսկ Եվրադատարանն ունի մեկնաբանություն, որ եթե ցմահ դատապարտյալը վաղաժամկետ ազատման հնարավորություն չունի, ապա դա անմարդկային վերաբերմունք է», ֊ նշել է Ռևազյանը:
Նշենք, որ Արթուր Մկրտչյանը 1997-ին դատապարտվել է մահապատժի՝ 5 համածառայակիցների սպանության մեղադրանքով, ապա 2003-ին մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Նա չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը և առ այսօր պնդում է, որ ինքը ոչ մեկին չի սպանել: