Հոդված՝ Ռոբինզոնը որպես սոցիալական Մաուգլի
Հեղինակ՝ Լուսինե Խառատյան, ազգագրագետ
Աղջիկս սովորում է 4-րդ դասարանում: Դեռևս անցյալ տարի դպրոցում հանձանարարել էին «Ռոբինզոն Կրուզոն», որը պետք էր կարդալ ամբողջությամբ, գլուխ առ գլուխ: Սա լավ առիթ էր Դեֆոյին կրկին կարդալու, ավելի ճիշտ՝ լսելու աղջկաս երեկոյան ընթերցանությունը ու նրա հետ միասին անցնելու Ռոբինզոնի վաղուց մոռացված ուղին: Պարզվեց, որ ես շատ քիչ բան էի մտապահել, ու այն քիչը որ մտապահել էի, գլխավորապես վեպի էկրանիզացիաների արդյունք էր: Աղջկաս հետ ճանապարհն անցանք միասին ու քանի որ ինչ-որ բաներ իրեն բացատրելու խնդիր ունեի, ինքս ինձ համար բացահայտումներ արեցի՝ առանձնացնելով մի քանի ըստ իս կարևոր գաղափար, որոնք մանրամասնում եմ ստորև:
Արարքը
Դեֆոյի հերոսը ծնողների կամքին հակառակ էր նավաստի դարձել, լքել հայրական տունն ու բռնել անհայտի ճամփան: Շատ նման մերօրյա ըմբոստներին. քսաներորդ դարում նա երևի հիպի կամ ավտոստոպով ճանապարհորդող մեկը կլիներ: Այսինքն, ի սկզբանե արարքն էր, երբ մարդ ինչ-որ բան հաստատված կարգին, ադաթին, ավանդույթին, ծնողական կամքին հակառակ է անում: Հենց արարքն է խախտում նախասահմանված կարգն ու փոխում ուղին ժամանակի հոսքի այն հատվածի, որը մի մարդու կյանքն է: Իսկ Ռոբինզոնի դեպքում խախտվում է երկու հիմնարար փոփոխական. ժամանակը (տվյալ դեպքում ծնունդից մահ ընկած հատվածը վատնելու կերպը) և տարածությունը: Ծնողների՝ նրա համար նախատեսած ուղին «ծանրակշիռ աստիճանավոր դառնալը, դատարանում ծառայելն ու բարձր ռոճիկ ստանալն» էր, այսինքն կանխատեսելի հայտնին՝ անկանխատեսելի անհայտի փոխարեն: Եթե չլիներ այս նախասկզբնական արարքը, սեփական կամքի դրսևորումը, Ռոբինզոնի բոլոր հետագա արկածներն էլ չէին լինի և նա դժվար թե հայտնվեր մարդկությունից կտրված կղզու վրա: Ուրեմն ի սկզբանե մենք գործ ունենք հեղափոխական մեկի, ճամփորդի հետ:
Սահմանում
Մեր գոյության ողջ ընթացքում մենք ջանում ենք սահմանել ինքներս մեզ՝ ժամանակի, տարածության, մեզ նմանների ու մեզանից տարբերների մեջ և միջոցով: Սահմանելը կարևոր է, որովհետև սահամնելով, սահամանզատվելով մարդն ինքն իրեն ձևակերպում, հաստատում ու վերահաստատում է՝ հակադրվելով մեկ տեսակին և նույնանալով մեկ այլ տեսակի հետ: Կղզում հայտնվելով՝ Դեֆոյի հերոսն առաջին հերթին սահմանում է իր կեցության տարածքը՝ ստեղծելով կացարան արևից, քամուց, ցրտից և այլևայլ բնական երևույթներից պաշտպանվելու համար: Այնուհետև նա այդ կացարան է տեղափոխում նավաբեկության ենթարկված նավի եղած-չեղածը, մի խոսքով տնավորվում է, սահմանում տարածության իր հատվածը: Միայն իր կացարանը կառուցելուց և ամուր ցանկապատելուց հետո է Ռոբինզոնը որոշում մանրամասն հետազոտել կղզու տարածքը՝ նոր կենդանիներ ու բույսեր գտնելու հույսով:
Տարածքից հետո կարևոր է դառնում ժամանակի սահմանումը: Պատահական չի Ռոբինզոնի՝ կղզու վրա հաստատվելուց հետո կատարած առաջին քայլերից մեկը. ժամանակի հաշիվը կորցնելու վախը և այդ վախից ծնված օրացույց սարքելու գաղափարը: Եվ իհարկե, օրացույցի առաջին նշումն էլ խոշոր տառերով վավերացնում էր սկիզբը. «Առաջին անգամ ես այս կղզին իջա 1659 թվականի սեպտեմբերի 30-ին»: Սկզբից հետո մնացածը միատիպ գծերի շարք էր: Միայն կիրակիները ներկայանում էին փոքր-ինչ ավելի երկար գծի տեսքով: Ժամանակն ունի միայն երկու կարևոր իրադարձություն. սկիզբը և վերջը: Մնացած այն ամենն ինչ արանքներում է, պարզապես գծեր են՝ կարճ ու երկար գծեր:
Օրագիրը
Ժամանակն ու տարածությունը սահմանելուց հետո է միայն ծնվում Ռոբինզոնի օրագիրը: Օրագրում է, որ Ռոբինզոնի սահմանած ժամանակն ու տարածությունը միս ու արյուն են ստանում, որովհետև այդ տարածության ու ժամանկի մեջ հայտնվում է ինքը: Ռոբինզոնն օրագրի միջոցով բնակեցնում է տարածությունն ու ժամանակը՝ նշումներ կատարելով օրվա ամենակարևոր իրադարձությունների մասին: Հետաքրքիր է, սակայն, որ օրագիրը չի անդրադառնում Ռոբինզոնի ներաշխարհին, կամ եթե անգամ անդրադառնում է՝ արտաքին աշխարհին, դրսին նրա արձագանքների միջոցով: Այսինքն անգամ անմարդաբնակ կղզում հայտնված մարդը լիովին մենակ չէ, նրա եսը կառուցվում է միայն արտաքին աշխարհի, դրսի հետ հարաբերվելու, փոխշփումների և այդ դրսին արձագանքելու միջոցով: Մի բան, որը Հեսսեն պիտի արձանագրեր դարեր հետո. «Ոչինչ դրսում չէ, ոչինչ ներսում չէ, այնի ինչ դրսում է՝ միաժամանակ նաև ներսում է»: Ընդ որում, եթե գեղարվեստական գրականության օրագրության հետագա, ավելի ուշ փորձերն ավելի մանրամասն են պատմում հերոսի կամ հեղինակի զգացածն ու ապրածը, ապա Դեֆոյի հերոսը միայն շարադրում կամ թվարկում է իր տեսածը, բացահայտածը, իր հետ կատարվածը: Այսինքն, այն ամենասկզբից ժամանակի ցենզուրային ենթարկված օրագիր է, որտեղ եղելությունը հանդես է գալիս զուտ ժամանակագրության տեսքով և ռեֆլեքսիան գրեթե բացակայում է:
Ուրիշը
Ուրիշի՝ Ուրբաթի հայտնվելը գրքի երրորդ հիմնական իրադարձությունն է՝ տանից փախչելուց ու նավաբեկությունից հետո: Հիմա էլ առաջին բանը, որ Ռոբինզոնն անում է, անվանում է այլությունը, ուրիշին: Անծանոթը ճանաչելու առաջին քայլն այն անվանելն է: Անվանելով, մենք առարկան, մարդուն, երևույթն առանձնացնում ենք այլ առարկաներից, մարդկանցից, երևույթներից՝ ընդգծելով նրա այլությունն, ուրիշությունը, միակությունը, մի խոսքով՝ ինքնությունը: Ուրբաթին անուն տալուց հետո Ռոբինզոնն սկսում է Ուրբաթին կառուցել կամ վերակառուցել իր ցանկությամբ, ավելի ճիշտ՝ իր նմանությամբ: Անբացատրելին, չիմացածը, ուրիշը ճանաչելու փոխարեն հաճախ մարդն այդ ուրիշը փորձում է հարմարեցնել իր իմացածին՝ այն վերակառուցել իր համար հասկանալի, ընկալելի, ընդունելի նորմերին համապատասխանաբար: Այսպես է վարվում նաև Ռոբինզոնը՝ իրականացնելով արարչագործության վերջին ակտը՝ ստեղծելով մարդուն:
Արարչագործության շրջանը
Արարչի նման Ռոբինզոնը նախ ստեղծեց աշխարհը, սահմանեց ժամանակը, ապա և ավարտեց շրջանը՝ արարելով մարդուն: Այստեղ մի հետաքրքիր պահ կա. Ուրբաթը նախքան իմաստության պտուղը կերած մարդն է, որը, սակայն, Ռոբինզոնի ջանքերի շնորհիվ կամ պատճառով ճաշակում է այդ պտուղը: Արարիչ-Ռոբինզոնը արարելով իր պատկերացրած, իմացած, ուզած մարդուն՝ նրա համար հանդես է գալիս օձի դերում: Այս երկակիությունն է, որ հատկապես հետաքրքիր է դարձնում նրանց դուալ օպոզիցիան, որտեղ դոմինանտն այնուամենայնիվ Ռոբինզոնն է:
Ռոբինզոն-Մաուգլի
Բրիտանացի մեկ այլ հանրահայտ գրողի, Կիպլինգի սիրելի հերոսը՝ Մաուգլին, ինձ մոտ միշտ ասոցացվել է Ռոբինզոնի հետ: Այս երկու կերպարների միակ ակնհայտ ընդհանրությունը թերևս այն է, որ նրանք երկուսն էլ հայտնվում են անմարդաբնակ մի տեղ, առաջինը՝ կղզու վրա, երկրորդը՝ ջունգլիում: Սակայն շատ ավելի հետաքրքիր են նրանց տարբերությունները և դրանցից առաջնայինը՝ Մաուգլին դեռ չսոցիալիզացված նորածին մանկիկ էր, իսկ Ռոբինզոնը՝ հասուն մարդ: Դրանով պայմանավորված կարելի է դիտարկել նրանց հետագա վարքն ու ճակատագիրը. Մաուգլին փորձում է հասկանալ, ընդօրինակել, ենթարկվել ջունգլիի կանոններին, իսկ Ռոբինզոնը իր կարգ ու կանոնն է սահմանում կղզու վրա: Կիպլինգի՝ ավելի ուշ ստեղծված այս գործը թերևս արտացոլում է նաև առ այսօր ակտուալ մի հարց. որքանո՞վ է մեր ինքնությունը մի բան, որ փոխանցվում է գենետիկորեն և որքանով է այն կառուցվում։ Մաուգլին կենսաբանորեն մարդ է, սակայն մեծանալով գայլերի մեջ, ջունգլիում, յուրացնում է կենդանական աշխարհի կանոնները։ Ռոբինզոնը հակառակը, քանի որ կղզում հայտնվել է հասուն տարիքում, ինքն է իր կանոնները պարտադրում կղզու կենդանական աշխարհին և ավելի ուշ նաև մարդուն։ Թերևս այս երկու գործերը երբևէ ստեղծված գեղարվեստական գործերից լավագույնն են ցույց տալիս, թե որքան է այն ամենը, ինչ մեզ սահմանում ու բնորոշում է (սեռը, լեզուն, էթնիկությունը, կրոնը, լավի ու վատի պատկերացումները և այլն) կախված այն միջավայրից, որտեղ մենք մեծացել ենք։
Թվային ջունգլիներ
Որքանո՞վ է այս ամենն ակտուալ այսօր՝ 21-րդ դարում, երբ կարծես այլևս անմարդաբնակ կղզի չկա, մարդիկ այնքան շատ են, որ թվում է վաղն իրար գլխի ենք նստելու և հիմա կյանքի համար պիտանի մոլորակ ենք փնտրում, որ իքներս մեզ ապացուցենք, թե տիեզերքում մենակ չենք։ Ճիշտ այնքան, որքան երբ գրվել է։ Երբևէ մտածե՞լ եք, որ Ֆեյսբուքն, օրինակ, անմարդաբնակ կղզի է։ Այո, մի կղզի, որտեղ բոլորս մեր օրագրերն ունենք։ Այն մեր փոխարեն սահմանում է ժամանակն ու տարածությունը՝ յուրաքանչյուր գրառման համար որոշելով օրը, ժամն ու վայրը։ Մենք միայն բովանդակություն ենք լցնում այդ օրագրում։ Միլիոնավոր մարդիկ այս տարածքում զուգահեռ օրագրեր են պահում՝ հաճախ դույզն ինչ չխորանալով այլի, ուրիշի օրագրում։ Մեր՝ հասկացված լինելու ցանկությունը ստանում է լայքի, սմայլիկի, սելֆիի տեսք։ Ու մենք ամենքս մնում ենք մեր անմարդաբնակ կղզում, մինչդեռ մեզ թվում է, թե օվկիանոսում ենք։ Մեզ թվում է, թե արարիչը մենք ենք ու կարող ենք արարել մեր տարածքը, մեր եսը ու այդ անկյունից երկխոսել այլոց հետ։ Վախենամ, որ այդ երկխոսություններն ավելի ու ավելի մենախոսության են նմանվում: