Home / Հայաստան / Գասպարիի գործով քննիչները կապ ունեն Մարտի 1-ի սպանությունների կոծկման հետ. փաստաբան

Գասպարիի գործով քննիչները կապ ունեն Մարտի 1-ի սպանությունների կոծկման հետ. փաստաբան

«Վարդգես Գասպարիի պահանջը հիմնավոր էր. հանրաքվեի գործով երկու քննչիները՝ Լևոն Մելքոնյանը և Աշոտ Օհանյանը, իրականում 2008 թվականի մարտի 1-ի սպանությունների կոծկման մասնակիցներն են»։ Epress.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ինժեներ, տարբեր ակցիաների մասնակից, դիտորդ Վարդգես Գասպարիի գործին, այս մասին ասել է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի փաստաբան Դավիթ Գյուրջյանը:

Նշենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ կապված Վարդգես Գասպարիի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում վերջինս հրաժարվել էր ցուցմունք տալ քննիչներին՝ մինչև նրանք չհաստատեն, որ «ոչ չեն մասնակցել մարտի 1-ի սպանություններին»:

«Եթե թեկուզ բանավոր ասեին նրանք, որ ոչ մի կապ չունեն այդ գործի հետ, Գասպարիի համար քննիչի լեգիտիմությունը ստուգված կլիներ և նա կտար ցուցմունք», -ասել է Գյուրջյանը:

Գասպարիի նման վերաբերմունքը Մելքոնյանը որակել էր «ոչ ադեկվատ» և նրա նկատմամբ նշանակել էր դատահոգեբուժական փորձաքննություն: Որոշումը բողոքարկվել էր Գասպարիի պաշտպանների կողմից, որից հետո միայն այն վերացվել էր։

«Դրանից հետո զարմանալիորեն այս գործով քննիչ Լևոն Մելքոնյանը անհետացավ: Պարզվել է, որ Մելքոնյանն ինքնուրույն զեկուցագիր է ներկայացրել և հեռացել այս գործից, իբր ծանրաբեռնվածության պատաճառով, և բավարարվել է դա [զեկուցագիրը]: Գործը փոխանցել են Աշոտ Օհանյանին և հիմա գործով միակ քննիչը նա է: Բայց սրան էլ նույն պահանջն էր Գասպարին ներկայացրել», – նշել է փաստաբանը:

Գյուրջյանի կարծիքով՝ քննիչի այդ քայլը կարելի է համարել ինքնաբացարկ:

«Մեզ հիմա հասնալի չէ այդ փաստաթուղթը, մենք չգիտենք, թե երբ է գրվել այդ զեկուցագիրը, արդյոք մեր բողոքը բավարարելուց առաջ է արվել, թե հետո, բայց ժամանահատվածով համընկնում է: Թերևս նա հեռացել է գործից, քանի շուտ է, ձեռքերը լվացել է, մի խոսքով»:

Գործի վարույթից Մելքոնյանի հեռանալու պատճառներից մեկը, ըստ փաստաբանի, հնարավոր է լինի նաև այն, որ իրենք՝ Գասպարիի պաշտպանները, Մելքոնյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն են ցանկացել նշանակել՝ հենց նրա պահվածքը համարելով ոչ ադեկվատ:

Գյուրջյանի խոսքով՝ գործով մյուս քննիչին՝ Աշոտ Օհանյանին, ինքնաբացարկ դեռևս չեն պատրաստվում ներկայացնել:

«Գուցե, դեռևս չառաջարկենք բացարկի միջնորդություն, քանի որ քննիչն էլ լինի, մեկ է վերևից է պարտադրվում ամեն ինչ, և ոչ թե քննիչի ներքին համոզմունքի հարցը կա», – նշել է փաստաբանը: