Հայկական կողմը 18 զոհ, 35 վիրավոր ունի։ Այս մասին այսօր Ազգային անվտանգության խորհրդի նիստին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով ղարաբաղա֊ադրբեջանական շփման գծում ռազմական գործողություններին։
«Սրանք 1994 թվականի Զինադադարի հաստատումից հետո ամենախոշորամասշտաբ գործողություններն են, որ փորձեցին և հիմա էլ փորձում են իրականացնել Ադրբեջանի զինված ուժերը: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ և ոչ միայն իրավիճակը վերցնել հսկողության տակ, այլ նաև զգալի կորուստներ հասցնել հակառակորդին: Ընդ որում, հակառակորդն այդ ընթացքում օգտագործում էր ռազմական օդուժ, հրետանու բոլոր տեսակները և բոլոր տիպի զրահամեքենաները: Հակառակորդի կորուստները, ինչպես օդուժի, այնպես էլ հետևակի ու զրահատեխնիկայի, զգալի են: Մենք էլ ունենք կորուստներ. այս պահի դրությամբ 18 զոհ ունենք և 35-ին մոտ վիրավոր», ֊ ասել է Սարգսյանը:
Ավելի վաղ ղարաբաղյան պաշտոնական աղբյուրները հայտնել էին, որ հակառակորդը 200-ից ավել զոհ ունի։
Ադրբեջանական պաշտոնական աղբյուրներն, իրենց հերթին, հայտնում են, որ Ադրբեջանի զինուժը 12 զոհ է տվել, իսկ հայկական կողմը 100֊ից ավել։