Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել մարտի 24-ին Մաշտոցի պողոտայում ոստիկանների հետ բախման հետևանքով ճակատի շրջանում վնասվածք ստացած Ռուզաննա Եղնուկյանի հետ կատարվածի առթիվ։
Վերջինս ճանաչվել է տուժող, սակայն գործով մեղադրյալ դեռ չկա։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Ռուզաննա Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը։
Նրա փոխանցմամբ՝ Ռուզաննայի առողջությունը չի վերականգնվել և դեռ մեկ ամիս պետք է բուժում ստանա:
Նշենք, որ մարտի 24-ին «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանի սատարման ակցիայի ընթացքում ոստիկանների և ցուցարարների բախման հետևանքով ցույցի մասնակից Ռուզաննա Եղնուկյանը գլխի բաց վնասվածք էր ստացել: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասել էր, որ ոստիկանները վնասվածքի հետ կապ չունեն, իսկ ակտիվիստները նշել են, որ կնոջը ոստիկաններից մեկն է ոտքով հարվածել։