2015 թվականի ընթացքում հայաստանյան տպագիր մամուլում և հեռուստատեսությունում հիմնականում բացակայել է քաղաքական բազմակարծությունն ու օբյեկտիվ լրատվությունը: Թերթերի մեծամասնությունը պատկանում են մասնավոր անձանց ու խմբերի, դրանք սահմանափակ շրջանառություն ունեն և արտացոլում են իրենց՝ հաճախ կառավարությանը մոտ կանգնած սեփականատերերի ու ֆինանսական հովանավորների քաղաքական նախապատվությունները: Քաղաքականապես զգայուն թեմաների վերաբերյալ մամուլը մեծ մասամբ տրամադրել է միայն կառավարամետ տեսանկյուններ ու վերլուծություն: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպի Մարդու իրավունքների 2015 թվականի զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում։
Պետդեպը նշում է, որ հեռարձակվող մամուլը, մասնավորապես, ազգային հեռուստատեսությունը, շարունակել է մնալ նորությունների ու տեղեկատվության հիմնական աղբյուրը բնակչության մեծամասնության համար: Հեռուստաընկերությունների մեծ մասը պատկանում է իշխող կուսակցության ներկայացուցիչներին կամ նրանց հետ քաղաքականապես առնչվող անձանց, ու ընկերությունները տրամադրել են դեպքերի վերաբերյալ միակողմանի տեսակետներ: Մարզային հեռուստաընկերությունները որոշ այլընտրանքային տեսակետներ են ներկայացրել:
«Կառավարությունն առցանց մամուլի բովանդակությունը հիմնականում չի վերահսկել: Առցանց լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը 2015-ին տեղեկատվության կարևոր այլընտրանքային աղբյուր են հանդիսացել: Ի տարբերություն հեռարձակվող մամուլի՝ դրանք ապահովել են քաղաքական կարծիքների բազմազանություն: Նշանակալի քաղաքական իրադարձությունների ուղիղ հեռարձակումը տարվա ընթացքում կարևորվել է առցանց լրատվամիջոցների կողմից: Այնուամենայնիվ, առցանց մամուլում նույնպես նկատվել են քաղաքական կապեր ունեցող սեփականատերերի ու գովազդատուների ազդեցության նշաններ: Ավանդական ու առցանց լրատվամիջոցների սեփականատերերի հարցը շարունակել է մնալ ոչ թափանցիկ», ֊ նշել է զեկույցի հեղինակները:
Տարվա ընթացքում գրանցվել են լրագրողների վրա հարձակումների դեպքեր: Կառավարությունը տվյալ հարձակումների վերաբերյալ արժանահավատ հետաքննություն չի իրականացրել, ընդգծում է Պետդեպը:
«Ոստիկանությունը մի քանի դեպքերում բռնություն է կիրառել քաղաքացիների բողոքի ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ: Դրանցից առավել ուշագրավ դեպքը տեղի է ունեցել հունիսի 23-ին, երբ Երևանի կենտրոնում ընթացող խաղաղ նստացույցը ցրելիս՝ ոստիկանությունը ծեծել ու բերման է ենթարկել լրագրողների, վնասել նրանց սարքավորումներն ու ջնջել հիշողության քարտերի պարունակությունը: 24 լրագրողների ու օպերատորների հաղորդումների համաձայն՝ ոստիկաններն իրենց ենթարկել են ֆիզիկական բռնության կամ որևէ այլ կերպ խոչընդոտել իրենց մասնագիտական գործունեությունը: Նրանք պնդել են, որ թիրախավորումը կրել է միտումնավոր բնույթ, և ոստիկանությունն անտեսել է նրանց բեյջերն ու տեսախցիկների վրա փակցված լոգոները:
Հունիսի 23-ին ոստիկանության հրապարակած հայտարարության համաձայն՝ ՙլրագրողները հետևողականորեն անտեսել են հավաքի վայրից ողջամիտ հեռավորություն պահպանելու և ոստիկանության օրինական գործողությունները չխոչընդոտելու կոչերն ու հորդորները։ Ավելի ուշ, սակայն, լրագրողների հետ զրույցում ոստիկանապետը հրապարակայնորեն ներողություն է խնդրել. նույն օրը մեկ սպա պաշտոնազրկվել է, 11 ոստիկաններ նկատողություն ստացել անհամաչափ ուժի կիրառման համար: Իրավապահները նաև վերադարձրել են կամ փոխարինել որոշ լրատվամիջոցների վնասված սարքավորումները: Դիտորդները ՀՔԾ-ի կողմից հուլիսի սկզբին հարուցած քրեական հետաքննությունը որակել են որպես ձևական: Սեպտեմբերի 11-ի դրությամբ, որևէ մեկի դեմ լիազորությունների չարաշահման մեղադրանք չի առաջադրվել», ֊ նշված է զեկույցում:
Ամփոփելով հայաստանյան ԶԼՄ֊ներին վերաբերող մասը՝ զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ լրատվամիջոցները, մասնավորապես, հեռարձակող, 2015-ին զգուշանում էին կառավարության հասցեին քննադատական հոդվածների համար հետապնդումներից։ Որպես ԶԼՄ֊ների դեմ օգտագործվող գործիքներ ԱՄՆ Պետդեպը նշում է դատական հայցերը, հեռարձակման արտոնագիրը կորցնելու սպառնալիքը, կամայական հարկային ստուգումները կամ եկամուտների կորուստը այն դեպքում, եթե գովազդատուները պարզեն՝ լրատվամիջոցը խնդիրներ ունի կառավարության հետ:
«Հաշվեհարդարի վախը հանգեցրել է ԶԼՄ֊ների ինքնագրաքննության», ֊ եզրափակում են զեկույցի հեղինակները։