հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Պաշտոնյաներն օգտագործում են պետական ռեսուրսը․ ՀՀ֊ում մարդու իրավունքների մասին

Պաշտոնյաներն օգտագործում են պետական ռեսուրսը․ ՀՀ֊ում մարդու իրավունքների մասին

Հայաստանում 2015 թվականի ընթացքում մարդու իրավունքներին առնչվող ամենալուրջ խնդիրներն են եղել պաշտոնյաների կողմից պետական ռեսուրսների օգտագործումն իշխող Հանրապետական կուսակցության գերակայությունը պահպանելու նպատակով, երկրի վերնախավի կողմից տնտեսական ու քաղաքական իշխանության օգտագործումն աջակիցներին հարստացնելու ու իրավապահ ու դատական համակարգերը քայքայելու նպատակով, ինչպես նաև՝ դատական համակարգի սահմանափակ անկախությունը։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի Մարդու իրավունքների 2015 թվականի զեկույցում, որը հրապարակվել է ապրիլի 13-ին:

Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում մի շարք տեղական ու միջազգային դիտորդներ, քաղաքացիական հասարակության անդամներ ու լրագրողներ հաղորդել են բազմաթիվ ընտրական խախտումների մասին, այդ թվում՝ վարչական ռեսուրսի կիրառում, բազմաքվեարկություն, լցոնումներ, ինչպես նաև՝ պաշտոնատար անձանց կողմից ընտրական հանձնաժողովի անդամների ու դիտորդների վրա ճնշումներ: Դեկտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեն հարուցել էր հանրաքվեին առնչվող 34 քրեական գործ:

Այլ խնդիրների թվում ԱՄՆ Պետդեպն առանձնացնում է բանակում ոչ մարտական պայմաններում գրանցված կասկածելի մահերն ու զինծառայողների շարունակական ու անպատիժ ահաբեկումները ծառայակիցների և սպաների կողմից:

«Ոստիկանությունը, տարբեր հաղորդումների համաձայն, ձերբակալման ու հարցաքննության ժամանակ խոշտանգումների ու վատ վերաբերմունքի է ենթարկել քաղաքացիներին խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով: Որոշ բանտեր եղել են գերբնակեցված, հակասանիտարական վիճակում ու չեն մատուցել բժշկական ծառայություններ կալանավորներին: Իշխանությունները շարունակել են կամայականորեն ու առանց հիմնավոր կասկածի բերման ենթարկել ու ձերբակալել մարդկանց: Դատավարությունները հաճախ ձգձգվում էին, իսկ դատարանները չէին գործադրում արդար դատավարություններ ապահովելու համար անրաժեշտ օրենքներ:

ԶԼՄ-ներում բացակայել է քաղաքական բազմակարծությունը, ու լրատվամիջոցների մեծամասնությունն արտահայտել է կառավարության տեսանկյունները: Եղել են վստահելի հաղորդումներ այն մասին, որ ոստիկանությունը թիրախավորել է լրագրողներին քաղաքացիների բողոքի ցույցերի ժամանակ», ֊ ասված է զեկույցում:

ԱՄՆ Պետդեպը նշում է, որ 2015-ի ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածությունը խոշոր կրթական հաստատությունների ղեկավարմանը, ինչպես նաև ուսանողական գործունեության քաղաքականացումը խոչընդոտել են կրթական ոլորտի ազատությունը:

Իշխանությունները սահմանափակել են քաղաքական գործընթացին մասնակցելու ազատությունն ու քաղաքական բազմակարծությունը: Կառավարության կողմից սահմանափակումները բացասաբար են ազդել որոշ փոքրամասնական կրոնական խմբերի վրա, ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները տուժել են հասարակական խտրականությունից:

«Ընտանեկան բռնությունը շարունակել է մնալ խնդիր: Ծնելիության` աղջիկ-տղա հարաբերակցության զգալի անհավասարակշռությունը վկայել է պտղի սեռի խտրական ընտրության մասին:

Հաշմանդամություն ունեցող անձինք ենթարկվել են խտրականության կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Պաշտոնյաները, այդ թվում՝ ոստիկանները, զինվորականներն ու բանտային իշխանությունները, լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր ու ինտերսեքսուալ (ԼԳԲՏԻ) անձանց անպատժելիորեն ենթարկել են խտրականության. այդ անձինք բռնության ու խտրականության են ենթարկվել նաև հասարակության կողմից: Հասարակությունում խարանվում են նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող անձանց:

Թեև կառավարությունը որոշ քայլեր է ձեռնարկել ուժային կառույցներում և այլուր պաշտոնյաների՝ մարդու իրավունքների խախտումների համար պատժելու ուղղությամբ, պաշտոնյաները հաճախ շարունակել են անպատժելիորեն չարաշահումներ թույլ տալ», ֊ նշում է Պետդեպը:

Զեկույցի հեղինակները նաև ընդգծում են, որ իշխանությունները մինչ օրս որևէ մեկին պատասխանատվության չեն ենթարկել «2008 թվականի հետընտրական բախումների հետևանքով գրանցված տասը մահերի համար»: