«Մի քանի տարի առաջ մենք մոտ էինք կարգավորմանը»։ Ապրիլի 14֊ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքացիների հետ «Ուղիղ գծի» ընթացքում մեկնաբանել է ղարաբաղյալ հակամարտության վերջին սրումը։
«Կանենք ամեն ինչ, որպեսզի կարգավորենք բռնության բռնկումն ու գտնենք երկու կողմերի համար ընդունելի լուծում։ Ղարաբաղի հարցով երկարաժամկետ որոշումներ են պետք։ Դրանց կարելի է հասնել բացառապես քաղաքական միջոցներով։ Պետք է լինի փոխզիջում», ֊ ասել է Պուտինը։
ՌԴ նախագահի պնդմամբ՝ մի քանի տարի առաջ կողմերը մոտ էին հակամարտության կարգավորմանը․ «Մենք գրեթե հասել էին փոխզիջման երկու կողմերից։ Պարզվեց, սակայն, որ դա այդպես չէ։ Աշխատելու ենք միջազգային կառույցների շրջանակներում, նաև երկկողմ ձևաչափով շարունակելու ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ գործունեությունը:
Ռուսաստանը, ով ինչ ուզում է՝ ասի, շահագրգռված է այդ խնդրի լուծմամբ, քանի որ մենք ցանկանում ենք լիարժեք կերպով համագործակցել թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ։ Ռուսաստանում ապրում են մեծ թվով ադրբեջանցիներ ու հայեր՝ գրեթե միլիոնավոր։ Փառք Աստծո, Ռուսաստանի տարածքում որևէ խնդիր չունենք։ Ավելին, ճանաչում եմ և հայերի, և ադրբեջանցիների, որոնք, չնայած բոլոր ողբերգական դեպքերին, շարունակում են ունենալ լավ միջանձնային հարաբերություններ»։
Պուտինը նաև հավաստիացրել է, որ թեև Ռուսաստանն իր ներդրումն է ունենալու խնդրի լուծման մեջ, բայց վերջնական որոշումը պետք է կայացնեն Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները։