Քննիչները Երևանի բնակիչ Գ. Միքայելյանին նախ համոզել են հետ վերցնել իր դիմումը, իսկ երբ վերջինս հրաժարվել է՝ փորձել են ստիպել «գրել իրենց ուզածով»: Միքայելյանը բողոքում է ՀՀ Պաշտպանության նախարարության աշխատկցուհի Ի․ Սարգսյանի դեմ։
Միքայելյանը Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակին պատմել է, որ իր կնոջ՝ Ռ. Ավագյանի համար դեղամիջոց պատրաստելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերել Պաշտպանության նախարարության N զորամասի աշխատակցուհի Ի. Սարգսյանի հետ՝ 4000 ԱՄՆ դոլարի դիմաց 1 տոննա թորած նավթ ձեռք բերելու վերաբերյալ: Սարգսյանը, սակայն, չի փոխանցել նավթը: Այդ առիթով 2014 թ. նոյեմբերին Միքայելյանը դիմել է Քննչական կոմիտե, և նրա դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ:
Միքայելյանի պնդմամբ՝ քննչական բաժնում քննիչ Գ. Աստրյանը ահաբեկել է իրեն՝ զգուշացնելով, որ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձանց համար ևս հնարավոր բացասական հետևանքներ կարող են լինել:
Քննիչի անօրինական գործողությունների պատճառով՝ Միքայելյանի կինը բացարկ է ներկայացրել նրան, և գործը փոխանցվել է մեկ այլ քննիչի՝ Բ. Հարությունյանին: Վերջինս սակայն նախ հրաժարվել է քննել գործը, ապա, համաձայն Միքայելյանի, իր պետի հետ փորձել է սպառնալիքների միջոցով ստիպել «գրել իրենց ուզածով»:
«Միքայելյանը այդ ապօրինի գործողությունների առիթով դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն և Քննչական կոմիտե: Արդյունքում գործի վարույթը նախ փոխանցվել է քննիչ Թաթոյանին, ապա մեկ այլ քննիչի՝ Ս. Սարգսյանին: Վերջինս բազմիցս փորձել է սպառնալիքների միջոցով ստիպել, որ Միքայելյանը վերցնի Պաշտպանության նախարարության աշխատակցուհու կողմից փոխանցված 2000 ԱՄՆ դոլարը, որովհետև «միևնույնն է՝ գործը կարճելու է»:
Միքայելյանը հրաժարվել է ընդունել քննիչի առաջարկը, ինչից հետո 2016 թ. մարտի 5-ին ստացել է քրեական գործը կարճելու մասին որոշում», ֊ նշում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
Քաղաքացու խախտված իրավունքները վերականգնելու և քրեական գործ հարուցելու հարցով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: