Քաղցրաշեն գյուղի խաղողագործներն այսօր առավոտվանից հավաքվել էին Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով վարչապետի հետ հանդիպում, գրում է A1plus.am-ը:
Խաղողագործները Քաղցրաշենի գինու գործարանից պահանջում են դեռ նախորդ տարի մթերված խաղողի գումարները: Նրանց պարբերաբար խոստացել են վճարել գումարը, սակայն խոստումը չեն իրագործել։
Քաղցրաշենցիներին հանդիպել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը, քննարկմանը մասնակցած խաղողագործներից մեկի խոսքով, խոստացել է, որ մինչև մայիսի 10-ը խաղողի պարտքը թեև մաս-մաս, բայց մարվելու է ամբողջությամբ:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչներն 2015 թվականի աշնանը ստիպված են եղել խաղողի կիլոգրամը Քաղցրաշենի գինու գործարանին հանձնել անգամ 40 դրամով, սակայն մինչ օրս գումարները չեն ստացել։ Նրանք պարբերաբար բողոքի ցույցեր են անցկացրել ՀՀ կառավարության շենքի և նախագահական նստավայրի մոտ։ Գյուղացիների հավաստմամբ՝ գործարանի տնօրինությունից իրենց ասել էին, թե գումարները կտան 2016 թվականի՝ մարտ-ապրիլ ամիսներին։