Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունը, թե իրեն հարց տվող Lragir.am և 1in. am կայքերի լրագող Սիրանույշ Պապյանի մեջ ինքը կին չի տեսնում, որոշ անձանց կողմից սխալ է ընկալվել և տարբեր թյուր մեկնաբանությունների ու շահարկումների առիթ տվել, ասված է Ոստիկանության կողմից այսօր տարածած հայտարարության մեջ։
«Իրականում ոստիկանության պետը լրագրողին չի վիրավորել, ընդամենը հակադարձելով նրա պնդմանը, թե ոստիկանության փոփոխությունները չի տեսնում, որպես ակնհայտը չտեսնելու օրինակ ասել է, թե դա նույնն է, որ իր առաջ կանգնած կնոջը չտեսնել որպես կին», – նշում է Ոստիկանությունը:
Հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի կարծիքով՝ Գասպարյանի կողմից այդ արտահայտությունը սեքսիզմի հերթական դրսևորում է:
«Հարց առաջին. ինչու՞ ՀՀ ոստիկանապետը ծառայություն իրականացնելիս պետք է լրագրողի մեջ կին տեսնի և ինչու՞ լրագրողն իր մասնագիտական պարտականությունները կատարելիս պետք է սեռայնացվի: Եթե անգամ Հայաստանում կա կարծրատիպային պատկերացում կանանց վերաբերյալ, ապա պետական պաշտոնյան գոնե պետք է իմանար, որ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն. «Արգելվում է անձի վերաբերյալ սեռի հատկանիշով պայմանավորված վիրավորական և նվաստացուցիչ հրապարակային հայտարարություն անելը, ներառյալ` զանգվածային լրատվության միջոցներով», – Lragir.am կայքում հրապարակված հոդվածում գրել է Հովհաննիսյանը։
Հոդվածագրի խոսքով՝ հայ պաշտոնյաներին հատուկ են սեքսիզմի դրսևորումները, որոնք խտրականության գործիք են:
«Այս դեպքում ՀՀ ոստիկանապետը, բացի սեքսիզմի ակնհայտ դրսևորումից, փորձել է նաև հոգեբանական բռնություն կիրառել լրագրողի նկատմամբ: Ընդհանրապես, կանանց թիրախավորելն ու հոգեբանական, սեռական ճնշման ենթարկելը հայրիշխանական պատկերը կրող հասարակությունում, ինչպիսին մերն է, շարունակական բնույթ է կրում և անպատժելի է: Եվ մասկուլինային այդ զենքն օգտագործվում է լրագրողների, քաղաքական գործիչների, քաղաքացիական ակտիվիստների դեմ, որպես զսպման, նվաստացման գործիք», – գրում է Հովհաննիսյանը:
Նշենք, որ երեկ լրագրողները, անդրադառնալով ապրիլի 22-ին Բաղրամյան պողոտայից 42 մարդու բերման է ենթարկվելու փաստին, ասել են, որ ոստիկանության ձեռագիրը չի փոխում։ Գասպարյանը հակադարձել է՝ հայտարարելով, որ ովքեր չեն նկատում ոստիկանության բարեփոխումները տեսողության ու լսողության խնդիրներ ունեն։ Իսկ երբ Պապյանը պնդել է, որ չեն տեսնում բարեփոխումները, Գասպարյանն ասել է․ «Ես էլ քո մեջ կին չեմ տեսնում»։
Տեսանյութը՝ azatutyun.am