Ինչո՞ւ 12 ժամ անց դեռ ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա երեկ Երևանում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի վերաբերյալ։ Այսօր ԱԺ նիստին նման հարց է բարձրացրել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Նա իր մտահոգությունն է հայտնել, որ մինչև հիմա իրավապահ մարմինները որևէ պաշտոնական վարկած չեն հայտնել պայթունի վերաբերյալ․ «Վստահելիության աստիճանի խնդրի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել. սոցիալական ցանցերի գրառումներից ենք տեղեկանում իրավիճակի մասին, իսկ պաշտոնական մարմիններն էլ հետևից հաստատելով գալիս են»:
Ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահեցրել է, որ բոլոր ուժային կառույցների պաշտոնյաներն օպերատիվ կերպով տեղում աշխատել են ու տեղեկացրել են իրավիճակի մասին․ «Սա նուրբ հարց է: Երբ կլինի ամբողջական ինֆորմացիա ու հստակություն, կտեղեկացնենք»։
Փաշինյանի համոզմամբ՝ 12 ժամը բավարար էր, որ որոշակի պաշտոնական նախնական վարկածներ ու տեղեկություններ լինեին՝ բամբասանքների տարածումից խուսափելու համար:
Իր հերթին, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մտահոգություն է հայտնել, որ ավելի շատ տեղեկություններ են ստանում ռուսական աղբյուրներից․ «Ի՞նչ վարկածի ու ահաբեկչության մասին են նրանք գրում, ինչո՞ւ պատկան մարմինները հստակ, սպառիչ տեղեկություն չեն տալիս մեզ»:
Շարմազանովը կոչ է արել պաշտոնական հղումներին հետևել և ավելորդ զգացմունքներ չանել դահլիճում»:
Նշենք, որ ապրիլի 25-ին՝ ժամը 21:51-ին, Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ 63 համարի պայթել էր «Բոգդան» մակնիշի երթուղային ավտոբուսում, որի հետևանքով զոհվել էր 2, վիրավորվել 8 մարդ: